«Հույս ունենանք»-ը հույսն իր վրա է դնում

«Հույս ունենանք»-ը հույսն իր վրա է դնում

Թբիլիսիում գործող հայկական թատերախումբը կներկայանա Հայաստանում

Սեպտեմբերին կայանալիք «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսն առաջին անգամ կծանոթանա Թբիլիսիի Обходный переулок թատերախմբի արվեստին, որը ղեկավարում է մեր հայրենակից Արտեմ Կիրակոզովը:

Փաստորեն, Սփյուռքում, այս դեպքում՝ ոչ հեռավոր, գործում են մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող խմբեր, նաեւ արվեստագետներ, որոնք դեռեւս անհայտ են մեր արվեստասեր հասարակայնությանը:

«Առավոտը» հանդիպեց Արտեմ Կիրակոզովին եւ խնդրեց ներկայանալ եւ ծանոթացնել իր ղեկավարած թատերախմբին: Մեզ հայտնի էր միայն, որ արվեստագետը հանդիսանում է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ:

Մեր զրուցակիցը խոսքը սկսեց թատերախմբի գործունեությունից, ասաց, որ փորձերը տեղի են ունենում իր պապական տանը՝ Հավլաբարի Կազարմի թաղամասում: Հետո էլ մանրամասնեց. «Արվեստի նկատմամբ սերս եկել է պապիկիցս, որը Նար-Դոսի դուռդռան հարեւանն էր եւ մտերիմներից: Նար-Դոսի «Մեր թաղը» հենց Կազարմի թաղամասի մասին է: Ինձ էլ բախտ վիճակվեց մտերիմը դառնալ Նար-Դոսի որդու՝ օպերային հայտնի բաս Նար Հովհաննիսյանի: Չափազանցություն թող չհնչի, եթե ասեմ, որ մանուկ հասակից հայկական մշակույթով ոգեւորվել եմ Նար-Դոսներից: Երկու մասնագիտություն ունեմ՝ երաժիշտ եւ ինժեներ: 1970-ականների սկզբին երաժշտի կարիերաս որպես հարվածային գործիքների արտիստի՝ սկսեցի Ռուսթավելու անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում՝ ճանաչված կոմպոզիտոր Գիա Կանչելիի ղեկավարությամբ: Ճանաչված շատ դիրիժորների ու երաժիշտների հետ եմ աշխատել: Մշտապես հպարտանում եմ, որ բախտ եմ ունեցել հանդես գալ նաեւ Արամ Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին կազմակերպված միջոցառմանը՝ նրա ղեկավարությամբ: Ստեղծագործական ճանապարհս, իբրեւ երաժշտի՝ երկար է: Նշեմ, որ այդ երաժշտական թատրոնից սկսվեց իմ սերը թատերարվեստի նկատմամբ՝ ընդհանրապես: Թատրոնն ինձ դարձրեց պիեսների հեղինակ, բեմադրիչ»: «Վերնատուն» միությանն էլ անդրադարձ եղավ: «Թբիլիսիում այսօր հայ գրողները քիչ են: Մեր գրողական ուժերը հիմնականում Ջավախքում են եւ երկու տարին մեկ անգամ Ժորա Սնխչյանի ղեկավարությամբ հրատարակվում է «Ալմանախ» պարբերականը»,-ասաց Արտեմ Կիրակոզովը: Նաեւ հավելեց, որ առաջիկայում կայանալիք «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում հայաստանցի հանդիսատեսին կներկայացվի իր հեղինակած եւ բեմադրած «Հույս ունենանք» պիեսը, որն առաջին անգամ խաղացել են 2015թ., Թբիլիսիի «Կովկասյան տանը», Գրականության թանգարանում եւ այլն, 2017-ին էլ Ջավախքում եւ Ռուսթավիում: «Վրաստանյան թատրոններում վերջին շրջանում ճգնաժամ է, ակնհայտորեն կա հանդիսատեսի պակաս: Այն թատրոնները, որոնք պատկանում են մշակույթի նախարարությանը, ստանում են դոտացիա, ինչը չի կարող լուծել մշակութային օջախի առջեւ ծառացած բոլոր հարցերը: Իմիջիայլոց, իմ թատերախումբը վերջերս եմ գրանցել արդարադատության նախարարությումում: Իսկ առաջին անգամ հայրենիքից հրավերի համար իսկապես պարտական եմ թատերագետ Նվարդ Ասատրյանին, ում «պեղումների» շնորհիվ ձեր թատերասեր լայն հանրությանը ի վերջո հայտնի կդառնա Թբիլիսիում գործող ռուսալեզու այս թատերախմբի անունը: Մինչ այդ, տասնամյակներ շարունակ, շնորհիվ ընկերներիս, բարեկամներիս, կարողացել ենք պարբերաբար ներկայանալ թատերասերներին: Խորհրդային երկրի փլուզումից հետո նաեւ պետական հովանավորությամբ գործող մշակութային օջախները հույսները դրել են իրենց վրա, թեեւ ոչ հաճախ, բայց կայանում են փոխադարձ այցելություններ, օրինակ՝ շուրջ երեք տարի առաջ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց վրաց կոմպոզիտորների փառատոն, անցյալ տարի էլ հայ հեղինակների ստեղծագործությունները հնչեցին Թբիլիսիում, եւ այլն»: Տեսարաններ «Հույս ունենանք» ներկայացումից:

Զրույցի ընթացքում Արտեմ Կիրակոզովը նշեց, որ իր առաջին պատմվածքը՝ «Լավ նորությունները» տպագրվել է Երեւանում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: Մեր զրուցակիցը մտաբերեց մոսկովյան «Լիտերատուրնայա գազետայում» իր մի հոդվածը թատրոնների մասին, որի թեման էր՝ ինչո՞ւ են հետխորհրդային երկրներն անտեսում իրենց ժամանակակից հեղինակների գործերը. «Հաճախ մոռանում ենք, որ Սունդուկյանը, Օստրովսկին, Չեխովը, Գորկին եւ այլ մեծություններ իրենց կենդանության օրոք են համարվել ժամանակակից, հետո նոր դարձել դասական: Հենց այս հոդվածիս արձագանքներն էին պատճառը, որ համարձակվեցի ոչ միայն պիես գրել, այլեւ բեմադրել: «Հույս ունենանք»-ը առաջինը տպագրվեց Կարինե Խոդիկյանի «Դրամատուրգիա» պարբերականում: Սա տրագիֆարս է, որը ներկայացնում է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարբեր ժողովուրդների հարմարվելը նոր ժամանակներին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում