Դ. Դումանյան. Դեղերի մեծագույն մասը ներմուծվում է Հայաստան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՍՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։ Խնդիր, որը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության կանոններին (GMP) համապատասխանող դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ այսօր հանրապետությունում շրջանառվող դեղերի միայն 7-8% է արտադրվում Հայաստանում, իսկ մնացած մասը ներմուծվում է այլ երկրներից: Կարևորելով բնակչության համար անհրաժեշտ դեղերով ապահովվածության խնդիրը’ նախարարը ողջունեց «ՍՏԱԴԱ» կազմակերպության համագործակցության նախաձեռնությունը’ դրանց մատչելիության ապահովման ուղղությամբ:

Նախարար Դումանյանը «ՍՏԱԴԱ» կազմակերպության խորհրդի անդամներին ներկայացրեց ուռուցքաբանության ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող մեծածավալ ծրագրերը։ Մասնավորապես’ անդրադարձավ երկրում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացման նպատակով նոր կենտրոնների ստեղծմանը’ այդ ենթատեքստում առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով հակաուռուցքային դեղերի առավել մատչելի գներով ձեռքբերումը։

Նախարարը հույս հայտնեց, որ «ՍՏԱԴԱ» կազմակերպության հետ նոր սկսվող համագործակցության արդյունքները կզգացվեն մոտ ապագայում:

Միաժամանակ, նախարար Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնի կողմից վերջին տարիներին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում կատարված ներդրման և բազմաթիվ հայ կանանց կյանքի որակը բարելավելու կապակցությամբ:

Պրոֆեսոր Զոնն իր պատրաստակամությունը հայտնեց այդ ծրագիրը շարունակելու, ինչպես նաև հայ-գերմանական ասոցիացիայի հիմնադրման շրջանակներում ուռուցքաբական կենտրոնի հետ համագործակցության նոր ծրագիր սկսելու առումով։

Տեղեկացնենք, որ «ՍՏԱԴԱ» կազմակերպությունը հիմնադրվել է 1895 թվականին Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքում: ՍՏԱԴԱ-յի ավելի քան 15 հազար արտադրատեսակները հիմնականում շրջանառվում են Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի շուկաներում:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Հարություն Քուշկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում