Դուն էն հուրին իս
Նմանատիպ
բնագիր
Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:
Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ’ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:
Դարդիրըս շատացաւ` ասիլ իմ ուզում.
Աչքէմէս արտասունք հուսիլ իմ ուզում.
Համաշա, եա՜ր, քիզիդ խօսիլ իմ ուզում,
Սիրտըս չէ կըշտանում գափով, նազա՛նի:
Հայալու իս, ադաբ ունիս, ար ունիս,
Ձեռիդ` դաստա կապած սուսանբար ունիս,
Տո՛ւր, ինձի սըպանէ` իխտիար ունիս.
Հէնչաք ըլի` կէնաս բափով, նազա՛նի:
Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա՜ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի
թարգմանություն
Դու էն հուրին ես, որ նավեր է զավթում,
Քանզի ինձ զավթեցիր խաբով, նազա՛նի
Արեւելք, արեւմուտք, հարավ ու հյուսիս
Չկա քեզի նման չափով, նազա՛նի:
Շատ մարդ քո սիրուցը կդառնա եզիդ*,
Եկ ողո՛րմած եղիր, լա՛վ վարվիր մեզ հետ,
Կուզեմ թե, շարունակ քեֆ անեմ քեզ հետ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:
Վշտերս շատացան` ասել եմ ուզում.
Աչքիցս արտասուք հոսել եմ ուզում.
Շարունակ, յա՜ր, քեզ հետ խոսել եմ ուզում,
Սիրտս չի կշտանում ծաղրով, նազա՛նի:
Ամոթխած ես, բարեկիրթ ես, հարգ ունես,
Ձեռքումդ փունջ կապած սուսանբար ունես,
Խփի՛ր ու ինձ սպանի՛ր` իրավունք ունես.
Միայն հաստատ մնաս խոսքով, նազա՛նի:
Սայաթ-Նովեն ասաց` աղաչեմ Խանին,
Համաձայն եմ` քո խաթրու թող ինձ սպանեն,
Միայն լինի, յա՜ր, գաս իմ գերեզմանին,
Լցնես հողը վրաս ափով, նազա՛նի:
Սայաթ-Նովա
Հետևեք մեզ նաև Telegram-ում