Ես քո տաճարն եմ կառուցում

Ես քո տաճարն եմ կառուցում

Ես քո տաճարն եմ կառուցում այստեղ,
մտորում մի մարմին` աշխարհի օտարացած
աչքերի առաջ, որտեղ չեմ գտնում
ոչ մի արտացոլում: Ինչը ծնվում է քո անվան
հնչյուններից փայլում է իմ դեմքին,

ինչը դրսից է` հարված է և արգելք: Բառերի
անարձագանք ճշմարտության մեջ
ես մի տաճար եմ կառուցում քո անվան
վերջին բեկորներից: Մի ձայն
ինձ է փնտրում: Ականջիս մեջ չի լռում մի ճակատագիր:
Ես մի տաճար եմ կառուցում, մի մարմին
բառերի անարձագանք ճշմարտության մեջ:
Մենք դա գտել էինք, բայց նորից կորցրել:
Ամենասուր ցավը գալիս է ամենանուրբ
ձեռքի հպումից: Հրապարակում

հանգչում են լապտերներն իրար հետևից:
Բայց ես քո անունից տաճար եմ կառուցում,
անանուն ինչպես մի կորած ճշմարտություն
կամ ժամանակի պղտոր գետի մեջ
խորտակված մի նավակ` բեռնված սիրո
վերջին պատկերներով:

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում