«Գլոբալ նախագծերով ներկայանալ աշխարհին՝ առանց մեծ ներդրումների»
Նմանատիպ
Էկվադորաբնակ օպերային երգիչ Ալեքսանդր Թամազյանը նոր Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի
Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում շուրջ 30 եւ ավելի տարիներ արտասահմանում ապրող ու ստեղծագործող հայաստանցի արվեստագետների մեծ մասը վերադառնալու ցանկություն է հայտնում՝ կապված մեր երկրում նոր իրողությունների հետ: Բացառություն չէ 15 տարի Էկվադորում գործունեություն ծավալած օպերային երգիչ Ալեքսանդր Թամազյանը: Նրա խոսքերով՝ «Էկվադորում զարմացած են ու հիացած հայաստանյան անարյուն հեղափոխությամբ: Անձամբ ես կարծում եմ, որ դա պետք է մի օր տեղի ունենար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերս առաջին հերթին հույսով լցվեինք, մեկտեղվեինք հայրենիքում ու նույն աշխարհին ցույց տայինք բազմադարյա մեր մշակույթի իրական դեմքը»: Արվեստագետը 1985թ. Թբիլիսիի կոնսերվատորիայից, որտեղ ուսանում էր ճանաչված պրոֆեսոր Վերա Դավիդովայի ղեկավարությամբ, տեղափոխվեց Երեւան՝ շարունակելով ուսումը մեր կոնսերվատորիայում, պրոֆեսոր Իզաբելլա Այդինյանի դասարանում: Դիտարկմանը՝ հավանաբար հայրենիք տեղափոխվելու հիմնական պատճառը գուցե Ստալինի սիրելի երգչուհիներից Վերա Դավիդովայի հանկարծամահ լինելն էր, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Ոչ, դասախոսս մահացել է ավելի ուշ, պատճառը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Ստալինի սիրուհու խոստովանությունը» գրքի հրատարակումն էր»:
Օպերասեր հայ հանդիսականը Ալեքսանդր Թամազյանին կմտաբերի Տիգրանյանի «Անուշ», Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Վերդիի «Օթելլո», «Տրուբադուր», «Տրավիատա», Դոնիցետիի «Պողիկտոս», Բելինիի «Նորմա» օպերաներում հանդես եկած գլխավոր դերերգերով: Մինչեւ 2015թ. Էկվադոր մեկնելը երգիչը բազմիցս հանդես է եկել ոչ միայն ռուսաստանյան եւ եվրոպական թատրոններում, այլեւ համագործակցել տարբեր նվագախմբերի հետ: Կոնկրետ ռուսաստանյան թատրոններում գլխավոր դերերգերով նա հանդես է եկել Վերդիի «Աիդա», «Ռիգոլետո», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու «Իոլանտա» օպերային ներկայացումներում:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ էկվադորյան հրավերը ստացել է տեղի համալսարանի երաժշտության ֆակուլտետի ղեկավար, երաժշտագետ, անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդուց՝ Ռուբեն Տերտերյանից: Հավաստիացրեց, որ ինքը եղել է այդ համալսարանի վոկալ բաժնի հիմնադիրներից՝ ղեկավարելով այն, իսկ վերջին շրջանում նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ Լիստի անվան կոնսերվատորիայում: «Այս պահին Էկվադորում են ստեղծագործում Հայաստանում իրենց կարիերան սկսած իսկապես տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահարներ Մարիա Տերտերյանը, Սուսաննա Խաչատրյանը, դիրիժոր Դավիթ Հարությունյանը, վալթհորնահար Տիգրան Տեր-Մինասյանը, թավջութակահար Դանիել Խաչատրյանը ու մեկ-երկու արվեստագետներ եւս»: Հավելեց նաեւ, որ հայ դասախոսների ուսանողները մշտապես մասնակցում են տարբեր փառատոների ու մրցույթների. «Իմ ուսանողները հրավիրվել են նաեւ Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Արգենտինայի օպերային թատրոններ»:
Ալեքսանդր Թամազյանը հաստատելով այն, որ թեեւ Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում եւ մյուս քաղաքներում, այդ թվում՝ Կուենկայում, Լոխայում, Գուայակիում, գործում են թատրոններ, բայց քիչ են ներկայացվում օպերային ներկայացումներ, ասաց. «Ձեր նշած քաղաքներում, որտեղ գործում է բարձրակարգ 4 սիմֆոնիկ նվագախումբ, մեծ հաշվով բուռն է մշակութային կյանքը, մասնավորապես՝ դասական երաժշտության ոլորտում: Այո, այդ թատրոններում հիմնականում ներկայացվում են դրամատիկական գործեր, իսկ ինչ վերաբերում է օպերային ներկայացումներին, դրանք հրավիրվում են: Այդ ներկայացումներում հաճախ ենք ընդգրկվել ես եւ ուսանողներս: Մասնակցել ենք Դոնիցետիի «Սիրո ըմպելիք», Մասկանիի «Գեղջկական պատիվ», Բիզեի «Կարմեն» օպերաների բեմադրություններին: Ի դեպ, էկվադորյան ուժերով բեմադրել եմ Լեոնկավալոյի «Պայացները», հաճախ հրավիրվում ենք մասնակցելու Մոցարտի, Ֆորեի, Ռոսինիի վոկալ-սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործությունների կատարմանը»:
Զրույցի ընթացքում Ալեքսանդր Թամազյանը քանիցս շեշտեց, որ Երեւանում գտնվելու օրերին ցանկություն ունի հանդիպել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին, օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Դիտարկմանը՝ կոնսերվատորիայի (ժամանակին Թամազյանը հանդիսացել է նաեւ Գոհար Գասպարյանի ասիստենտը) եւ օպերային թատրոնի ղեկավարներին հանդիպելու պատճառը հասկանալի է, իսկ մշակույթի նախարարի հետ հանդիպման ցանկությունն էլ Թամազյանն այսկերպ մեկնաբանեց. «Ուզում եմ ներկայացնել գլոբալ նախագծեր, որոնք թույլ կտան ներկայանալ աշխարհին՝ առանց մեծ ներդրումների»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` «Պայացներում» (Տոնիո) իր ուսանողի՝ այժմ Կիտոյի կոնսերվատորիայի տնօրեն Սոֆիա Իսուրիտեսի (Նեդդա) հետ ներկայացումից առաջ (2017թ.):
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում