Վարդապետական լանջախաչի շնորհում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նմանատիպ
Օգոստոսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ շնորհեց Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին: Վերջինս, երկու օր առաջ բարեհաջող կերպով պաշտպանելով իր վարդապետական թեզը, օգոստոսի 30-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացել էր վարդապետական մասնավոր չորս աստիճաններին:
Նորընծա վարդապետին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` հայցելով Հայոց Հովվապետի օրհնությունը:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բերելով Տիրայր վարդապետին, անդրադարձավ վարդապետական աստիճանի կարևորությանը: Նորին Սրբությունը նշեց, որ պատմության ընթացքում վարդապետները կրթել, դաստիարակել ու առաջնորդել են մեր ժողովրդի զավակներին և այսօր էլ նրանց վրա դրված է նույն պարտականությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ կրթյալ եկեղեցականաց նոր սերունդն է այսօր իր նվիրյալ ծառայությունը բերում հավատացելոց` բարձր պահելով Հայոց Եկեղեցու հեղինակությունն ու բարի անունը:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց Հայր Տիրայրին իր անձնդիր ծառայության համար` հույս հայտնելով, որ վերջինս չի բավարարվի այս գովելի ձեռքբերումով և կշարունակի իր կրթությունն ու գիտական ուսումնասիրությունները:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետին` մաղթելով Սուրբ Հոգու առջնորդությունն իր հոգևոր ծառայության մեջ:
Աղբյուր՝ ter-hambardzum.net:
Հետևեք մեզ նաև Telegram-ում