Քեզմե ոչինչ

Քեզմե ոչինչ

Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

– Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։

Վահան ԹԵՔԵՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում