Մեր ներսի ուրիշը
Նմանատիպ
Գինին պարում է բաժակի հատակին, միտքս թմրած է, և թվում է ավելի հեռվում՝ այլ տեղ, ամեն ինչ ավելի գեղեցիկ է, և ես մի օր կհասնեմ այդտեղ:
Գրելու և չգրելու միջև միշտ երկրորդն է ճիշտ, որովհետև գրված բառը հանած շորի պես է, ինքն արդեն հագած է այլևս, իսկ այն, ինչ մերկացել է՝ անհետաքրքիր:
Չգրելը միշտ իրավացի է, բայց կարդացված լինելու գայթակղությունը երբեմն ավելին է, քան իրավացի լինելու ճշտությունը: Եվ գրվում են բառերը ու քամում մեզանից մեր զգացածը, որովհետև վաղվա օրում, ինչ-որ մեկի շնչառության մեջ լինելու պատրանքը իրականություն է դառնում բառերում:
Եվ երևակայության երակը արթնանում է, թաքուն հաճույք վայելելու պես սկսում թրթռալ ու հոսել քարե իրականության մազաչափ արանքներով, մինչև չի կտրում ամբողջովին մտքի բոլոր կապանքները և թռիչքի ամենաբարձր պահին փշրվում իրականության ժայռերին:
Ծով տեսածի երևակայությունը այլևս իրականություն է՝ տխուր, մոտեցող, բայց չհասնող: Չորսացվող իրականություն:
Երբ զգացածը բյուրեղանում է ու բառ հագնում, հաղթում ես ինքդ քեզ, բայց և պարտվում, որովհետև հետո գալիս է այն կիսելու գայթակղությունը, որի դեմ որպես կանոն ոչ ոք չի կարող պայքարել, և արդյունքում ստացվում է այնպես, որ թվում է, թե տալիս են, բայց իրականում չեն կիսվում նրանք, ովքեր գրելիս չեն դատարկվում. հետևաբար ոչինչ էլ չեն տալիս…
Ի՞նչ է ակնկալում բնությունը, երբ մարդուն գրելու շնորհ է անում, և արդյոք ապաշնորհությո՞ւն չէ հրաժարվել ու հավերժական պայքարի մեջ մտնել գրելու պահանջի հետ: Չէ՞ որ ի վերջո բնության մեջ ամեն բան ի սկզբանե է, մենք՝ այդ հավերժական ընթացքի մի պայծառ մաս, և այդ ինքնակիզման ճանապարհին երբ հանդիպում ես արդեն տեղ հասած ու վերադարձող մեկին, զարմանում ես, թե այդ ո՞նց են տալիս ու չեն սպառվում…
Հասկանում ես, որ մարդը՝ գրելու պահանջ ունեցող մարդը, պահանջ ունի նաև անընդհատ արթուն պահելու այն ըմբոստին, չմահավանին, մեծամիտին, ինքնահավանին, ով նույնիսկ իրեն է հաղթում և ստիպում մերկանալ ու զգալ իր ողջ շքեղությունն ու թուլությունը: Եվ ինքդ քեզ պարտված զգալու ցավը ստիպում է նորից վերադառնալ, կրկին փորձել ու չհանձնվել:
Ուրեմն էլ ինչո՞ւ գրել:
Երբ մենք սիրում ենք, թվում է՝ ամեն ինչ անում ենք նրա համար, և վիրավորվում ենք անհամարժեքությունից, հետո, միայն հետո պիտի հասկանանք, որ մենք մեր պահանջին համաչափ ենք սիրում, սիրում ենք այնքան ժամանակ, որքան մեր հոգու չափն է նախատեսել, և երբ ամեն բան առօրեական է դառնում, մենք որոշում ենք հեռանալ և հեռվից արդեն սկսում ենք ցավեցնել մեզ՝ կրկին հոգու մի այլ պահանջով:
Չափի խնդիր է: Պահանջի խնդիր՝ հավերժական ցավի պահանջի: Մշուշ է, ցավի մշուշ: Երբ այն կա, ներկա է, իր ողջ թանձրության մեջ է առել քեզ, բայց և այլուր է:
Եվ մենք հեռանում ենք, և ցավը նահանջում է ամեն հաջորդ պահի և ուժգնանում է արդեն հեռավոր հետոյի պահին, երբ արդեն հեռու ենք լինում նաև ցավից: Հեռանում է ցավը ու լուծվում իրականության ու երևակայության արանքում, և սկսվում է որսը իրականի ու պատրանքի, զգացածի ու բառի, և հոգեվարքի թմբիրի մեջ ծնվում է գրելիքը ու հագած շորի պես մնում դարակում ծալած…
…Իսկ առայժմ գինին խոսում է բաժակի մեջ, և ավելի գեղեցիկ հեռուն ավելի է հեռանում ու դառնում էլ ավելի ցանկալի:
Ո՞վ ես դու կամ որտե՞ղ ես դու ավելի հեռու…
Անդին 02.2018
Հետևեք մեզ նաև Telegram-ում