Երբ երկիրը սպասման հիվանդ է…
Նմանատիպ
Ես կարող էի ասել, որ սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք:
Ես կարող էի ասել, թե կյանքս կտամ քո անկախության ու փառքի համար:
Ես կարող էի ասել, թե չկա ավելի բարձր էություն , քան դու ես, ի՛մ հրաշալի երկիր:
Ես կարող էի ասել, որ ոչ մի տեղ այնքան ապահով ու երջանիկ չեմ, ինչքան քո կարկտաբեր ամպերի տակ:
Ես կարող էի ասել, որ սիրում եմ իմ երկրի անպարտ բանակը, ինչպես իմ միակ որդուն:
Ես կարող էի ասել` դու իմ երկիր, իմ ցեղ, իմ ազգ. հնագույնն ես այս աշխարհում, և հնագույն է քո բարբարոս ու ճկուն լեզուն, ինչպես Չարենցը կասեր:
Ես կարող էի ասել, որ մենք քսանհինգ հազար տարի առաջ, նախքան Արարատի ժայթքումը, ժողովուրդներ ենք ղեկավարել, ուստի այսօր չենք կարող ենթարկվել, չնայած օտարության մեջ, թվում է , թե ենթարկվում ենք:
Ես կարող էի ասել, որ մենք եղել ենք հզոր, բայց ոչ մի ազգի չենք ստրկացրել, քանի որ Հայաստանը պատմության մեջ միակ երկիրն է, որ լինելով տիրապետող` չի ունեցել ստրկատիրություն:
Ես կարող էի ասել, որ բոլոր պատերազմներում և ճակատամարտերում մեր ցեղը երբեք չի պարտվել, պարտվել է ընդամենը մեկ անգամ, պարտվել է իր ներսից, այն էլ իր երկրի մեջ, իր երկրի սրտում:
Դա հազար իննհարյուր տասնհինգ թվականն էր, երբ փորձեցին մարմինը սրտից անջատել սպանելով մարմինը, բայց սիրտը մնաց, սիրտը ապրելու է ու հաղթելու:
Ես կարող էի ասել, որ տունը մեծանում է ներսից և ասում եմ. երկիրը ուժեղանում է ներսից: Եվ այսօրվա սերունդնն է, որ պիտի հզորացնի Մերը, որ աշխարհին հավասար Մերն է:
Ես կարող էի ասել, որ մեր Մտքի Մեծերը բոլորովին պակաս չեն ուրիշների Մեծերից. վկան Խորենացին, Նարեկացին, և, և, և…
Ես կարող էի ասել, որ կյանքիս մեծագույն նպատակը Հայաստանի անկախությունն էր և է, ինչի համար ես նաև պայքարել եմ, ինչքանով կարողացել եմ:
Հայաստանի անկախությունն ու բարեկեցությունը հիմա էլ է կյանքիս նպատակը:
Ես կարող էի ասել և ասում եմ, որ հավատում եմ իմ ժողովրդի իմաստնությանը, և որը, վստահ եմ, կարող է տեր կանգնել երկրի ցավին և հաղթանակներին. երբ երկիրը սպասման հիվանդ է, ու Տերը Հայրենիքն է մեր:
Ես կարող էի ասել, իմ սիրելի ժողովուրդ, շնորհավոր Հայաստանի երրորդ հանրապետության քսանհինգամյակը, ուզում էի շնորհավորել ժամանակից շուտ, բայց մի տեսակ տխուր եմ՝ հիշելով Սասունցի Դավթի և արտատեր պառավի զրույցը, ում բոստանի շաղգամները Դավիթը թրատում էր, և այդ իմաստուն մայրն ասել էր.
– Դավիթ ջան, քո ուժը բանեցրու թշնամու դեմ և ոչ թե ավերիր քո հայրենական արտը…
Ես կարող էի ավելին ասել, բայց հիմնական ասելիքս արդեն վերնագրում հնչեցրի, ինչը ոչ մի կապ չունի կենաց բաժակի հետ:
Մերուժան Տեր-Գուլանյան
Անդին 7.2016