Իրանական գազը կարող է այլընտրանք լինել

«Իրանական գազի խնդիրը քաղաքական է, սակայն իրանական կողմը պատրաստակամ էր ավելի մեծ հնարավորություն տրամադրել Հայաստանին, հատկապես, որ Իրանի տնտեսությունը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ուրախ կլինի իր հնարավորությունները օգտագործել ավելի լիարժեք»: Ինչպես հայտնում է Panorama.am-ը այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Պատասխանելով հարցին, թե «ՀայՌուսգազարդ»-ի կողմից գազի սակագնի թանկացումը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հարց է, Գագիկ Մակարյանը նշել է, որ Ռուսաստանը քաղաքական երկիր է, բոլոր երկրների հետ մանիպուլյացիաներ անելու համար օգտագործում է քաղաքական ֆակտորը, բայց գազի գնի բարձրացումը քաղաքական չէ:

«Պատճառները ավելի շատ պետք է մեր մեջ տեսնենք: Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնականում դառնում է հարվածելի, և գերտերությունները կարող են դա միշտ էլ իրենց նպատակների համար օգտագործել»,- ասաել է Գ.Մակարյանը:

Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը Գագիկ Մակարյանը հայտարարել է նաև, որ Գործատուների հանրապետական միությունը մտադիր է ակտիվ մասնակցել «ՀայՌուսգազարդի» հայտի քննարկմանը, պարզելու համար թե արդյոք այն չափազանցված չէ: Ըստ մասնագետի, գազի սակագնի բարձրացումը հատկապես կանդրադառնա ՓՄՁ-ների վրա, որոնցից շատերը, չդիմանալով, կարող են փակվել, կաճի գործազրկությունը, կշարունակվի արտագաղթը»,-ասել է նա:

Գագիկ Մակարյանը գտնում է նաև, որ գազի սակագնի վերանայումը պայմանավորված է նաև «ՀայՌուսգազարդի» «շռայլ ծախսերով»՝ բարձր աշխատավարձերով, 30-35 տոկոս շահութաբերությամբ:

Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը մի մասը սուբսիդավորելու մասին, ապա Մակարյանին հետաքրքրում է, թե ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը: Գազի թանկացման դեպքում բյուջեն լրացուցիչ կստանա 50-60 մլն դոլար, բայց կառավարությունը դրա միայն մի փոքր մասն է ուղղում սոցիալական շերտերի աջակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում