Նախախորհրդարանը հանրահավաք է անում. նախաձեռնության անդամները ներկայացնում են իրավիճակի շտկման ուղիներ

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենում Նախախորհրդարանի հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է Panarmenian.net-ը, հանրահավաքի ժամանակ ելույթ են ունենում նախաձեռնության անդամները:

Վարդան Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանը կառավարվում է «իմպրովիզների ու ղեկավարների քմահաճույքների շրջանակներում», եւ դրա հետեւանքով ժողովուրդն ինքը իրեն չի համարում երկրի տերը, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել: 

Նախաձեռնության մյուս անդամ Գարեգին Չուգասզյանն իր ելույթում նշել է, որ ցանկացած երկիր, որը վերջին 4-5 տարվա ընթացքում անցած լիներ այնպիսի անկումների միջով, որով անցել է Հայաստանը, պետք է ունենար նոր ղեկավարություն:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանն իր ելույթում գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում ընտրություններն ավարտվել են և բացվել է իսկական պայքարի փուլը։

Նա ներկայացրել է, թե ինչ աշխատանք է սպասվում առջևում. «Ինքնակազմակերպվել և ստեղծել զուգահեռ կառավարման համակարգ և ստեղծել նոր որակի պետություն»։

Ալեք Ենիգոմշյանն առաջարկել է հաղթել այսօրվա դժգույն իրականությունը՝ վաղվա տեսլականի հավատով. «Այսօր այս պահին կարող է մի քիչ զարմանալի թվա, երբ հերթական հիասթափության պահին, երբ հարյուրավոր մարդիկ ճամպրուկներով թողնում են և գնում են, և օր օրի նոր խնդիրներ է առաջնում, մի օր կարկուտը, մի օր սոված պահելը, գազի գնի ահավոր թանկացումները։ Մենք պետք է հաղթահարենք ապագայի նկատմամբ հավատով»,-ասաց նա։

Ըստ Panarmenian.net-ի` Հարություն Մեսրոբյանն իր ելույթում նշել է. «Ինքնակազմակերպում, այլընտրանքային-զուգահեռ կառույցների ստեղծում, քաղաքացիների հետ քաղաքացիական պայմանագիր ստորագրելով՝ հետադարձ կապի ստեղծում և չորրորդ քայլը՝ նոր Հայաստանի հիմքերի ստեղծում. նախախորհրդարանն առաջարկում է 4 կետ»: Մեսրոբյանը նաեւ նշել է, որ դրանք Նախախորհրդարանի այլընտրանքն են «փառապանծ չընտրություններին»:

Ըստ tert.am-ի`  բնապահպան Եղյա Ներսիսյանն իր խոսքն սկսել է մեջբերելով Գարեգին Նժդեհին. «Ավելի դժվար է հերոսավայել ապրել, քան զոհվել»։

Բնապահպանն ասել է, որ հանրահավաքին մասնակցելու է եկել Բյուրականից, որտեղ ՀԷԿ-ի շինարարության դեմ գյուղացիները պայքարում են։

«Բյուրականում էի, որտեղ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հերթական մահացու ՀԷԿ–ն է սարքում։ Գյուղը ոտքի է կանգնել, և պատրաստ են մեռնել, բայց չեն թողնի, որ ՀԷԿ-ը կառուցեն»,- ասել է նա։

Եղյա Ներսիսյանը պատմեց, թե ինչպես է մի երիտասարդ մոտեցել իրեն և ասել, թե ինքն էլ է ուզում գալ Երևան և կանգնել նստացույցի ազատամարտիկների կողքին։ Այս ամենից հետո նա եզրակացնում է, որ իշխանությունն ամեն դեպքում դատապարտված է պարտության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում