Նախագահը կհանդիպի Հանրային խուրհուրդին. հստակեցվում են քննարկվելիք հարցերը

Երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ հստակեցվել է հունիսին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը: Այս մասին տեղեկանում ենք ՀԽ մամուլի ծառայությունից:

Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնք վերաբերում են’

1. գազի սակագնի բարձրացմանը,
2. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հեռանկարներին,
3. Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում ընթացող անօրինական շինարարությանը,
4. արտագաղթի իրական պատճառներին ու քարոզչությանը,
5. կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելուն և հակակարկտային ծառայության կազմակերպմանը,
6. ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխմանը,
7. Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը,
8. զինանշանագիտության հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը,
9. հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններին,
10. սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը,
11. դեղագիտության խնդիրներին,
12. խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպմանը, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացմանը,
13. Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանը:

Առաջին հարցի քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խիստ մտահոգություն են հայտնել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ նշելով, որ դա իր հետ կբերի նաև այլ թանկացումներ՝ բացասաբար անդրադառնալով Հայաստանի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա, դառնալով արտագաղթի խթանման նոր պատճառ: ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ հանձնաժողովում հարցն առաջիկայում դրվելու է քննարկման: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին’ պարզաբանումներ ստանալու առաջարկվող սակագանի վերաբերյալ:

Հայաստանի քաղավիացիայի խնդիրների մասով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ կարևորել է խնդիրը փուլային տարբերակով լուծելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանն առայժմ պետք է զերծ մնա բաց երկնքի քաղաքականությունից՝ ազգային անվտանգության խնդիրներից ելնելով:

Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում նախորդ տարվա հունվար ամսին սկսված և մինչ այժմ ընթացող շինարարության մասով, որն ուղեկցվում է անօրինական գործողություններով, ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը Վազգեն Մանուկյանի հանձնարարությամբ նամակներ է հղել Երևանի քաղաքապետարան և Մշակույթի նախարարություն’ պարզաբանումներ ստանալու վերջին օրերին ծավալված անօրինական շինարարության վերաբերյալ այդ կառույցերի կողմից իրականացվող քայլերի մասին:Առաջիկայում հարցը ևս մեկ անգամ կդրվի քննարկման Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում: ՀԽ անդամները միակարծիք են եղել ՀՀ Նախագահին հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունները և արտագաղթի հիմնախնդիրը ընդգրկելու հարցում: Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ իրական պատճառների կողքին կա նաև այլ’ հոգեբանական գործոն. նրա համոզմամբ այսօր Հայաստանից հեռանալու քարոզչություն է տարվում, որին զուգահեռ հակաքարոզչություն գոյություն չունի:

ՀԽ անդամ, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ներկայացրել է հակակարկտային ծառայության ոլորտում առկա խնդիրները: Որոշվել է ՀԽ-ում այդ խնդիրների վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:
Թուրքիան հետևողական գործընթաց է իրականացնում Ստամբուլը միջազգային կառույցների կենտրոն դարձնելու ուղղությամբ, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի շահերին, այլև ՄԱԿ-ի սկզբունքներին: Այս հարցը ևս ներկայացվելու է նախագահի ուշադրությանը:

Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործման մասով ՀԽ-ը որոշել էր, որ նպատակահար չէ հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձնանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Զինանշանագիտության հարցով ՀԽ-ում որոշվել էր առաջարկով հանդես գալ’ ոլորտի հետագա աշխատանքներն արդյունավետ համակարգելու, միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով:

ՀՀ նախագահին կներկայացվի նաև Սահմանադրական բարեփոխումներ, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: ՀՀ ՀԽ անդամները մտահոգություն են հայտնել Հայաստան ներկրվող դեղորայքի որակի, շուկայում մենաշորհային դիրք ունեցող ընկերությունների և ընդհանրապես դեղորայքի նկատմամբ հանրության անվստահության խնդիրների վերաբերյալ: ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ՀԽ անդամները կներկայացնեն նաև Հայաստանում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման եւ կաշվե իրերի արտադրության զարգացանը վերաբերող հարցեր, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առնչվող խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում