Անձրևող աչքեր

Անձրևող աչքեր

Աշուն – հեռացած ձայներ ես լսում –
Ասես բյուրավոր ապակե աչքեր
Անձրևում են պաղ աշնան մշուշում,
Բայց դեռ օտար է այդ հայացքը քեզ՝

Դեռ պիտի քայլես ծառուղիներով,
Դեռ պիտի երկար քո խոհը խորհես,
Դու նրանց ես քո հայացքն ուղղելու,
Որ նրանք թաքուն հուշերն օրորեն:

Հեռացողներին ոչ ոք չի հիշում,
Սակայն բոլորն են քայլ-քայլ հեռանում,
Օ՛, զարմանալի անհիշողություն,
Օ՛, ժամանակներ անդեմ, անանուն…

Դու վաղուց ի վեր ճամփա ես ելել,
Այսպես քայլում ես ծննդյան օրից,
Հիմա ընկղմվիր հին խոհերիդ մեջ
Ու աշնան նման դեմքդ սքողիր,

Որ անուրջներիդ ծովերը կապույտ
Էլ չալեկոծվեն ու ննջես խաղաղ,
Միայն աշունն է արցունքներ թափում
Ամեն մի կորցրած տերևի համար:

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում