Վտանգներից խուսափելու ճանապարհը

Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Ժողովուրդը կապստամբի՞,թե՞ կարտագաղթի:Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում’ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույնիսկ նախախորհրդարանին’ գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, և մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի: Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախևաոաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու’ սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու և պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ: Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երևանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»’ ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով և թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: Կամ’ այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը: Այդ երկու իրադարձությունների և շարունակվող արտագաղթի կամ հնարավոր «բունտի» պատճառահետևանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և խոսքը, հետևաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի’ անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ’ վատ կլինի բոլորի, այդ թվում’ իշխանությունների համար: Բայց ես չեմ նսեմացնում նաև մեր պատասխանատվությունը: «Մեր» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի’ քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին և այլն: Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց խոսքը կարեւոր չէ: Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսա-սոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ [«դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են»], ապա գուցե ամբոխի աչքին չափազանց խիզախ և ճշմարտախոս ենք երևում, բայց հաստատ որևէ դրական ուղերձ հասարակությանը չենք հղում: Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները’ արդարացնելու համար իրենց բացակայությունը:Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով’ պետք չէ էժան դիվիդենդներ շահել’ ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք’ մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի համար արձանագրենք’ Հայաստանը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում