Ի տարբերություն գազի` Էլեկտրաէներգիայի գինը կառավարությունը կարող է կարգավորել

Անդրադառնալով «ՀայՌուսգազարդ»-ի հայտի հիման վրա գազի գնի բարձրացումը 30%-ով սուբսիդավորելու կառավարության որոշմանը’ «Голос Армении»-ն գրում է. «Կառավարությունն այս անգամ էլ շարժվեց արդեն չարչրկված ճանապարհով, այն է’ խնդրի գլոբալ լուծման փոխարեն ժամանակավոր լուծում գտնել՝ պետական բյուջեի հաշվին: Կառավարության նման որոշումը ցույց է տալիս, որ գազի թանկացումը խիստ հարված կլինի Հայաստանի ողջ բնակչությանը’ թե´ ապահով և թե´ անապահով խավերին»:

Թերթը նկատում է, որ գազի թանկացումը մակրոտնտեսության տեսանկյունից ձեռնտու է կառավարությանը, քանի որ այն թույլ կտա բարձրացնել ՀՆԱ-ն 7%-ով, ինչի արդյունքում էլ կառավարությունը ցույց կտա, թե կատարել է ՀՆԱ-ի վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականը, սակայն Հայաստանի գլոբալ տնտեսության համար գազի թանկացումը աղետալի է. այն որպես շղթայական ռեակցիա կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի թանկացմանը:

«Հետաքրքրականն այն է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն ձեռնամուխ է եղել էլեկտրաէներգիայի գների բարձրացման քննարկմանը, այնինչ էլցանցերի կողմից դեռ նույնիսկ հայտ էլ չի ներկայացվել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ՏՄՊՊՀ-ն շահագրգռված է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցում»,-գրում է թերթը’ շեշտելով, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ամենևին էլ չի արդարացվում գազի գնի բարձրացմամբ, քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվում է մեծամասամբ ջրով աշխատող ՀԷԿ-երի և պարսկական գազով աշխատող ՋԷԿ-երի միջոցով: «Եթե գազի թանկացումը թելադրվում է Ռուսաստանի կողմից, և մենք անզոր ենք դրա դեմն առնել, ապա էլեկտրաէներգիայի սակագների հարցերը մեր կառավարությունը լիովին ի զորու է կարգավորել»,-շեշտում է «ГА»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում