Ռուսական որոշ շրջանակներ շահագրգռված չեն, որ Դեմիրճյանը դուրս գա ՀԱԿԿ ենթակայությունից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի վերջին ասուլիսից հետո որոշակի ակտիվություն է սկսվել «Հայ ազգային Կոնգրես» դաշինքը պահպանել ցանկացող քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում: Բանն այն է, որ ի տարբերություն ՀԱԿ կուսակցության անդամների, Ս. Դեմիրճյանը ոչ միայն ճանաչել է ՀԱԿ դաշինքի գոյությունը, այլև չի բացառել նրա հետ համագործակցելու հնարավորությունը: Դա ՀԱԿ դաշինքի պահպանման ջատագովներին հիմք է տվել մտածելու, որ Դեմիրճյանին ՀԱԿ դաշինքի առաջնորդ դարձնելու ճանապարհով հնարավոր է վերականգնել այդ միավորման կշիռը և այն ավելի կենսունակ դարձնել: Ս. Դեմիրճյանի համար այս սցենարը կարող է շահեկան լինել երկարաժամկետ

ծրագրերի, մասնավորապես’ 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրման տեսանկյունից:
Անդրադառնալով Դեմիրճյանի այն հայտարարությանը, որով նա ճանաչել է ՀԱԿ դաշինքի գոյությունը՝ «168 Ժամ»-ը դա որակել է որպես ապտակ ՀԱԿ կուսակցությանն ու մեկնաբանել, թե Ս. Դեմիրճյանը հասկանում է, որ իմաստ չունի «ԲՀԿ-ի շահերը սպասարկող ՀԱԿԿ-ի կողքին լինել»: Հնարավոր համարելով 2018թ.-ի նախագահական ընտրություններում Ս. Դեմիրճյանի առաջադրվելը’ թերթը նշել է. «ՀԱԿ դաշինքի առաջնորդ դառնալը կարող է ցանկալի հեռանկար լինել Ս. Դեմիրճյանի համար:

Իսկ ղեկավարելով ՀԱԿ դաշինքը’ Ս. Դեմիրճյանը կարող է հայտ ներկայացնել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ղեկավարելու համար: Արդյոք Ս. Դեմիրճյանը կգնա՞ ՀԱԿԿ-ի հետ առճակատման: Շատերը պնդում են, որ Դեմիրճյանն իր բոլոր քաղաքական քայլերը համաձայնեցնում է ռուսական որոշակի շրջանակների հետ, և դա անում է մոսկվաբնակ հորեղբոր միջոցով: Ըստ այս տեսակետի կողմնակիցների’ ռուսական այդ շրջանակները շահագրգռված չեն, որ Դեմիրճյանը դուրս գա ՀԱԿԿ ենթակայությունից, այլ ընդհակառակը’ ամեն ինչ անելու են, որ այդ ենթակայությունը շարունակվի: Բայց եթե նույնիսկ ճիշտ են այն տեղեկությունները, որ Ս. Դեմիրճյանն իր քաղաքական քայլերը համաձայնեցնում է ռուսական որոշակի շրջանակների հետ, ապա պետք է ընդունել, որ այդ շրջանակները կցանկանան հանձին Ս. Դեմիրճյանի’ գործ ունենալ ոչ թե’ ԲՀԿ-ի սատելիտ ՀԱԿԿ-ի կցորդ ՀԺԿ-ի, այլ ընդդիմությանը համախմբող և որպես ընդդիմադիր առաջնորդ հանդես եկող ՀԺԿ առաջնորդ Ս. Դեմիրճյանի հետ»: Այնուհետև թերթը մանրամասնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար դառնալու Ս. Դեմիրճյանի հնարավորությունները’ ներկայացնելով ՀԱԿ խմբակցության անդամների դիրքորոշումներն ու վերաբերմունքը Ս. Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի հանդեպ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում