Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի

Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի

Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի «Երկրաչափական սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը սեպտեմբերի 20-ից բացվել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

Aravot.am-ի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ 2010 թ-ից մի փոքր խմբով զբաղվում են ցմահ դատապարտյալերի հարցերով, բազմաթիվ սիմպոզիումներ են արել այդ թեմայով: Նա անդրադարձավ նաեւ իրենց «Անմեղության հայկական ծրագրին», որը զբաղվում է դատական սխալների հետեւանքներով:

Զարուհի Մուրադյանն ասաց, որ իրենց գործունեության շրջանակներում հրատարակել են Մհեր Ենոքյանի գրքերը, արել շնորհանդեսներ, տարբեր միջոցառումներ: Նրա խոսքերով, Զաքար Զոհրաբյանի քույրը եւ մայրը տեղեկացել են, որ իրենք վաղուց նման գործունեություն են իրականացնում, մեկ տարի առաջ գտել են իրեն ու ցույց տվել որդու ստեղծագործությունների լուսանկարները:

«Ես գիտեմ, որ ինքը պայծառ, լուսավոր տղա է, քրեական գործն էլ շատ թերի է: Եվ եթե դատապարտված մարդը ստեղծագործում է, գրում է նման պայմաններում, ուրեմն կարող է հասարակություն վերադառնալ:

Ի դեպ Զաքարի քույրիկից լսել եմ, որ այս ցուցահանդեսի համար բանտում իրեն խրախուսանք են տվել, մի բան, որ առաջ չէին անում»,-ասաց տիկին Մուրադյանը: Նա հույս հայտնեց, որ իր ձեւակերպմամբ, ստալինյան ռեպրեսիվ մեթոդները քրեակատարողական հիմնարկներից արմատախիլ կարվեն, մարդկանց կվերաբերվեն որպես մարդու, այլ ոչ թե անհույս հանցագործի:

Նրանից տեղեկացանք, որ արդարադատության համակարգից որեւէ մեկը չի այցելել ցուցահանդես, թեեւ բոլորին հրավեր են ուղարկել, ինքը միջոցառման ժամանակ չի տեսել նաեւ իրավապաշտպանների: Այցելուների մի մասը դատապարտված երիտասարդների հարազատներ են եղել, ինչպես նաեւ Զաքարի հարազատները: Տիկին Զարուհին հուզմունքով պատմեց, որ ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ Զաքար Զոհրաբյանի ուսուցիչները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում