Բողոքի ակցիա Ֆինանսների նախարարության դիմաց

Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ֆինանսների նախարարության մոտ: Նրանք պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով,  «Տոնուս» ՍՊԸ–ից ձեռք բերած բնակարանները։

Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով արդարացի լուծում տալ ստեղծված իրավիճակին։ Ըստ նախապես կայացված որոշման՝ այսօր քաղաքացիները պետք է հանդիպում ունենային Ֆինանսների նախարարի հետ, սակայն հայտարարվեց, որ նախարարը տեղում չէ:

Բնակիչների պնդմամբ՝ նախարարը շենքում է, սակայն խուսափում է իրենց հետ հանդիպել: Փաստն առաջացրեց քաղաքացիների զայրույթը, հայտարարեցին, թե ինչքան պետք է, կմնան այստեղ:

«Թեկուզ գիշեր էլ լինի, չենք հեռանա այստեղից: Մինչև վերջ գնալու ենք, պայքարելու ենք մեր բնակարանների համար»,-Lurer.com-ի հետ զրույցում ասել է տուժած քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ աղբյուր` «Ա1+»-ը նշում է, որ ակցիայի մասնակիցներից մեկը՝ Անուշ Թունյանը ասել է, որ բացի ֆինանսների նախարարի հետ հանդիպումից, նրանք պահանջում են նաեւ քառակողմ հանդիպում՝ կառավարության ներկայացուցիչների, մի խումբ բնակիչների, Տոնուս ընկերության ներկայացուցչի եւ «Արցախ» բանկի ներկայացուցչի հետ. «Մենք ֆինանսների նախարարության մոտ ենք, որովհետեւ մեր հարցը այս պահի դրությամբ ֆինանսական է։

«Արցախ» բանկի հավաստմամբ՝ մեր ֆինանսական փաստաթղթերում անճշտություն կա, սակայն ես վստահեցնում եմ 150-ից ավել բնակիչները՝ բոլորը, վճարումներ կատարել են եւ ունեն բոլոր փաստաթղթերը, բացի սեփականության վկայականից»։

Նշենք, որ «Տոնուս» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում