Գ. Ծառուկյանը դժգո՞հ է իր քաղաքական թիմից

Գագիկ Ծառուկյանի բացառիկ հարցազրույցը «zham.am»-ին.

– Պարո՛ն Ծառուկյան, կարելի՞ է ասել, որ այսօր կուսակցությունները լուրջ ճգնաժամ են ապրում:

– Ցավոք սրտի՝ ձեր գնահատականը մոտ է իրականությանը։ Երկրի բարեփոխման համար անհրաժեշտ է, որ բարեփոխվեն նաեւ կուսակցությունները եւ դա վերաբերում է նաեւ ԲՀԿ-ին: Մենք պետք է բաց ու անկեղծ խոսակցություն սկսենք այս խնդրի շուրջ, պետք է ավելի հաճախ շփվենք միմյանց հետ, պետք է փորձենք ընդհանուր օրակարգեր ձեւավորել՝ հասարակությանը հուզող հիմնական խնդիրների վերաբերյալ:

– Այսինքն, դուք դժգո՞հ եք ձեր քաղաքական թիմից:

– Ընդհակառակը, ես գոհ եմ հատկապես իմ քաղաքական թիմից և փոփոխությունները միտված են լինելու հենց քաղաքական կորիզի ուժեղացմանը: Ես շատ մոտ ապագայում ԲՀԿ-ն պատկերացնում եմ այնպիսի մի ուժ, որը ցանկացած կարևորագույն խնդրի շուրջ առավել առարկայական կներկայացնի իր մոտեցումները, հանրությանը պարբերաբար կներկայացնի կառավարության քայլերին այլընտրանքային, հիմնավորված, փաստարկված ծրագրեր: Իսկ եթե կառավարությունը կանի ճիշտ քայլեր՝ մենք դրանք կողջունենք, քանզի մենք ինքնանպատակ երբեք չենք հակադրվել։ Այս ամենը պետք է արվի ամենօրյա դժվարին աշխատանքով, սկզբունքային եւ արդար դիրքորոշումներով: Միայն ահա այս կերպ է հնարավոր ստանալ ժողովրդի վստահությունը: Ես ուրիշ ճանապարհ չգիտեմ: Մնացած ճանապարհները ինձ խորթ են: Եվ իհարկե, մեկ տարի առաջ իմ կողմից հնչեցրած բանաձևը ուժի մեջ է և ես այն շարունակում եմ համարել առանցքային. որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ լուծել երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներն ու խնդիրները, և ԲՀԿ-ն կողմ է իրական, լայն քաղաքական –հասարակական համախմբման: Մեր թշնամիները կոնկրետ մարդիկ չեն: Մեր թշնամին երկրում տիրող վիճակն է: Մեր թշնամին կոռուպցիան է, անարդարությունն է, աղքատությունը, արտագաղթն ու հուսալքությունն է:

– Առաջիկայում ընտրություններ չկան: Արդյոք սա չի՞ բերի քաղաքական պասիվության:

– Ես կարծես թե ձեր հարցին արդեն պատասխանեցի։ ԲՀԿ-ի համար սա ավելի ակտիվ, առավել մեծ եռանդով աշխատանքի փուլ է: Օգտվելով ձեր հարցից ես կցանկանայի շեշտել ևս մեկ խնդիր, որը ընդհանրական է բոլոր քաղաքական ուժերի համար՝ խոսքը նոր, առողջ և իրատեսական քաղաքական օրակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին է: Ես տեսնում եմ խորը անջրպետ ժողովրդին հուզող խնդիրների, հոգսերի եւ քաղաքական կուսակցությունների օրակարգի, քայլերի և գործունեության միջև: Ասեմ ավելին, այդ խորը անջրպետն ակնհայտորեն նկատվում է նաեւ հասարակական, փորձագիտական, լրատվական-վերլուծական շրջանակների մոտ եւս: Բամբասանքը, մանր պատվերներն ու ինտրիգները դարձել են օրակարգային հիմնական խնդիրը: Նայե՜ք թե ինչով է զբաղված մեր հասարակության ակտիվ մասը: Չկա ահազանգ, չկա պետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրները վեր հանելու, քննարկելու ո՜չ փորձ, ո՜չ ցանկություն: Ես երբեմն մտածում եմ՝ գուցե իրոք շատերը չեն գիտակցում այն խնդիրների լրջությունն ու ծավալները, որոնք կանգնած են այսօր մեր պետության և ժողովրդի առջեւ:

Ես մշտական կապի մեջ եմ արտերկրում հայկական խոշոր համայնքների ղեկավարների հետ: Վիճակը ողբերգական է. 10 տարի հետո այսօր արտագաղթած երեխաները հայերեն չեն խոսելու, ձուլվելու են: Այսօր արդեն ինքնության կորուստ է նկատվում: Ես խոսել եմ արտերկրում ապրող հարյուրավոր հայ խոշոր գործարարների հետ, ովքեր պատրաստ են հայրենիքում ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, բայց չեն շտապում, քանզի ունեն մտավախություններ: Ես ամենօրյա շփումների մեջ եմ փոքր ու միջին ձեռներեցների հետ՝ անհեռանկար, հուսալքված մթնոլորտ է: Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մեր անմիջական հարևանը Իրանն է՝ երկիր, որի շուրջ միջազգային լարվածությունը մեծանում է:

Մեր հարևան Վրաստանում նոր իշխանություններ են, որոնց հետ կարելի է և պետք է արդյունավետ աշխատել: Նման բարդ խնդիրների ցանկը կարելի է մեծացնել: Ես ուզում եմ հասկանալ’ որտե՞ղ են քննարկվում այս խնդիրները: Կուսակցական համագումարներու՞մ, կոնֆերանսներո՞ւմ, իշխանական միջանցքներո՞ւմ, քաղաքագետների շրջանո՞ւմ, միջկուսակցական հանդիպումներո՞ւմ, խորհրդարանո՞ւմ, զանգվածային լրատվամիջոցներո՞վ: Թե՞ այլ տեղ: Պատասխանը գոնե ինձ համար տեսանելի չէ: Մինչդեռ, այս խնդիրների քննարկումն ու լուծումների առաջարկումը շատ ավելի կարեւոր է մեր պետության համար, քան այն ինտրիգներն ու խիստ արհեստական օրակարգի իմիտացիան, թե ով է ավելի ընդդիմադիր, իսկ ով’ պակաս: Սա է իմ մոտեցումը:

– Կա տեսակետ, որ Յուրիկ Վարդանյանին Սպորտի նախարար նշանակելուց հետո դուք կդադարեցնեք մարզաշխարհին ցուցաբերվող ձեր անձնական օգնությունը…

– Այն պահից, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել կառավարող կոալիցիային, անկեղծ ասած, ես ունեմ զրոյական հետաքրքրություն, թե ով ինչի նախարար է: Հաջորդը’ ձեր հարցին պատասխանեմ հարցով’ իսկ ի՞նչ է, ձեզ թվում է, թե նախկինում ես օգնել եմ մեր մարզաշխարհին նախարարների խաթե՞ր, կամ շնորհիվ: Իհարկե ‘ոչ: Այնպես որ, իմ ծրագրերում այս առումով որևէ բան չի փոխվելու՝ ինչին դուք ականատես կլինեք առաջիկայում: Ես շարունակելու եմ կառուցել մարզական դպրոցներ, օգնել մեր տաղանդավոր մարզիկներին և մարզիչներին, մեր տաղանդավոր երեխաներին: Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ Սպորտի նախարարություն Հայաստանին երևի այնքան էլ պետք չէ:

Պետական միջոցների խնայողություն կլիներ, և սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել: Ի դեպ, նույնը վերաբերում է մի քանի նախարարությունների եւս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում