Տիգրան Սարգսյան. Ընդդիմությունը պետք է քաղաքական համարձակություն ունենա խոսելու նաև իր ձախողումների մասին

Այսօր ԱԺ նստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ սննդի անվտանգության հարցին նշեց, որ պետք է ներդնել սննդի անվտանգության լավագույն համակարգերը:

Նա խոսեց նաև Մաքսային վարչարարության ոլորտից: «Մաքսային վարչարարության ոլորտում պետք է գործեն ԵՄ ստանդարտները»,- նշել է նա և հավելել, որ մաքսային կետերում նախատեսվում է նոր մաքսատներ կառուցել:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը’ վարչապետն անդրադարձել է նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունների դերակատարությանն ու գործունեությանը: Տ. Սարգսյանը նշել է. «Մեր հասարակական կազմակերպություններն այնքանով են ուժեղ, որքանով ուժեղ են մեր պետությունն ու հասարակությունը: Մենք պարտավոր ենք ապահովել ՀԿ-ների ներգրավումը պետականաշինության գործում: Այստեղ ենք տեսնում մեր կառավարության գերակա խնդիրը: Ամեն ինչ անելու ենք, որ ՀԿ-ներին ներգրավենք որոշումների կայացման գործին»:

Նա պատասխանել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի’ հարկային քաղաքականության վերաբերյալ հարցին ու ասել. «Ավելի արդար կլինի, եթե սահմանի վրա մենք ԱԱՀ չգանձենք: Բայց դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է 150 մլն դոլարի բուֆերային ֆինանսական միջոցներ: Եթե մենք չկարողանանք հայթհայթել այդպիսի ֆինանսական միջոցներ, պետք է դա անենք սահուն, այսինքն’ տարեցտարի հանենք սահմանի վրայից ԱԱՀ-ն»:

Խոսելով աշխատավարձերի մասին, բանախոսը հավելեց, որ մոտակա հինգ տարիների ընթացքում պետք է տեղի ունենա աշխատավարձերի շեշտակի աճ: Նրա համոզմամբ’ ռեֆորմներն անցավ չեն լինում: Պետք է քաղաքական կամք, վճռականություն, և տարիների ընթացքում մենք կունենանք հաջողություն:

«Արդյունաբերական քաղաքականույթունը դեռևս համատարած բնույթ չի կրում: Երբ մենք բացահայտում էինք պոտենցիալ ունեցող ոլորտները, բացահայտել ենք միայն 12 ճյուղ: Դրանք այն ճյուղերն են, որոնցում մասնավոր սեկտորը պատրաստ է մեզ հետ համագործակցել»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի’ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցին, Տ. Սարգսյանն ասել է. «ՀՀ կառավարությունը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: Մենք կառուցելու ենք այդ նոր բլոկը և այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք կատարել:Այժմ քննարկումներ են ընթանում մեր ռուս գործընկերների հետ, թե ինչ ժամանակահատվածում է հարմար նոր ատոմակայանը հանձնել շահագործման: Երբ կավարտվի ուզսումնասիրությունները և պարզ կլինի, թե հին ատոմակայանը մինչև երբ է հնարավոր շահագործել, դրանից կախված էլ պարզ կլինի նորի կառուցման ժամանակացույցը»:

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ’ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հարց է ուղղել վարչապետին թե ինչո՞ւ պետք է հասարակությունը կրկին հավատա իշխանությանը, եթե նախորդ հինգ տարվա ընթացքում իրականացված ռեֆորմների արդյունքում ոչինչ չի փոխվել:

Ի պատասխան այս հարցադրմանը’ Տ. Սարգսյանը հիշատակել է Վազգեն Խաչիկյանին, ում գործը եղել է սոցիալական ոլորտում նախորդ հինգ տարիների ամենախոշոր բացահայտումը և դրա հետևանքով 12 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը:

«ՀՀԿ անդամը ձերբակալված է և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ոստիկանության պաշտոնատար անձանց հետ կապված նույնպես քրեական գործեր կան հարուցված: Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը և հասարակությունը մեզանից պահանջում են ավելի վճռական գործողություններ, ավելի տեսանելի բացահայտումներ, բայց այդտեղ մենք երբեմն տեսնում ենք պոպուլիզմ, որը վտանգավոր է»,- ասել է վարչապետը’ հավելելով, թե դա հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն այդ ուղղությամբ իրենք գործում են:

Մինչև իշխանության բացթողումների մասին խոսելը, Տ. Սարգսյանի խոսքով, ընդդիմությունը պետք է քաղաքական համարձակություն ունենա խոսելու նաև իր ձախողումների մասին, թե ինչո՞ւ է հասարակությունը կորցնում վստահությունն ընդդիմության նկատմամբ. «Հասարակությունը պետք է տեսնի, որ կա այլ կուսակցություն, որ կարող է ավելի լավ լուծել խնդիրները, քան գործող իշխանությունը, բայց քանի որ այդպես չէ, ուստի մենք նույն նավի վրա ենք, պարոն Հովհաննիսյան, և միակ ճանապարհը համագործակցությունն է»,- նշել է նա:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում