Անդրիաս Ղուկասյան. Գազի գնի թանկացումից շահում է ՀՀ կառավարությունը

«Մենք այսօր ունենք կեղծ ընդդիմություն, որին հանրությունը մեղադրում է նրանում, որ նա լեգիտիմացնում է ընտրությունների արդյունքները: Այս կուսակցություններն իրենք անգամ ներսում չունեն ժողովրդավարություն, որտեղ կուսակցապետերը ժողովրդավար չեն»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցու հայտարարել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Վերջինս նշել է, որ հարում է սոցիալ- դեմոկրատական հայացքների և պատրաստվում է մինչև տարեվերջ ստեղծել իր կուսակցությունը:

Aravot.am-ի այն հարցին՝ Ա. Ղուկասյանը չի՞ կարծում, որ կուսակցությունների ժամանակն անցել է ու պետք է մտածել ընդդիմադիր դաշտի միավորման մասին: Նա պատասխանել է. «Կեղծ կուսակցական համակարգն իր դարն ապրել է, ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը հենց դա է: Կուսակցաշինական ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ. ստեղծել նոր ու մրցունակ քաղաքական ուժեր: Առանց ժողովրդավարական սկզբունքների որևէ քաղաքական ուժ գոյություն չունի: Դրանից էլ բխում է այն, որ հանրությունը կասկածում է, թե կուսակցությունները գտնվում են ռեժիմի հետ գործարքի մեջ: Ուստի միավորման գաղափարը սպառված է: Երկրում համակարգային փոփոխություններ կարող են իրականանալ սահմանադրական հեղափոխության միջոցով»:

Ա. Ղուկասյանը կարծում է, որ պետք է տարանջատել քաղաքական և տնտեսական իշխանությունը: Հետո էլ փաստում, թե երկրում ճգնաժամը հասել է այն մակարդակին, երբ հանրությունն ինքն է ուղիղ գործողությունների ուզում դիմել:

Անդրադառնալով գազի գնի թանկացմանը’ Ղուկասյանը նշել է. «Բոլորը մոռացել են այն ժամանակները, երբ գազը գնել էին Թուրքմենիայից, այն ժամանակ երբևէ գազի և էներգակիրների խնդիր չի եղել»:

Panorama.am-ի փոխանցմամբ’ Ղուկասյանը կարծում է, որ գազի գնի հետ կապված խնդիրները փորձում են կապել Ռուսաստանի հետ, սակայն իրականում դա այդպես չէ:

«Առաջին հերթին գազի գնի թանկացումից շահում է ՀՀ կառավարությունը, քանի որ թանկացումների շնորհիվ այն մեծացնում է հարկահանությունը: Նման թանկացումներով, որոնց մի մասն է գազի գնի թանկացումը, այդ վիհն ավելի է մեծանում: Ո՞ւմ է պետք կառավարություն, որը չի ապահովում աշխատանքով, չի ապահովում այդ աշխատանքին համապատասխան արգասիքով», – ասել է նա:

Մեկ այլ աղբյուրի’ Aysor.am-ի փոխանցմամբ’ բանախոսը նշել է, որ Երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամ է: Նրա խոսքով’ հասարակության մեջ առկա է կրիտիկական մթնոլորտ, որը կարող է բերել լուրջ բախումների:

Ղուկասյանի կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը, պետք է համալրվի նոր կուսակցություններով. «Կուսակցաշինական ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ, պետք է ստեղծել նոր և մրցունակ ուժեր»:

Աստղիկ Սահակյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում