Չինացի խաբեբաները եւ խաբված հայ գործարարները

Բոլորովին վերջերս հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնվեց մի զարմանալի հայտարարություն՝ հետեւյալ բովանդակությամբ։ «Հայաստանյան բոլոր գործարարները, ովքեր տուժել են չինական ընկերությունների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միություն»։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Սկզբում մտածում էինք՝ խնդիրն ավելի կոնցեպտուալ է՝ կապված չինական արտադրանքի էժան գների հետ, որին չեն դիմանում հայ գործարարները մրցակցության մեջ։ Սակայն պարզվում է՝ խնդիրն ավելի կոնկրետ է եւ պարունակում է անգամ հանցակազմ։ Այսպես, շուրջ մեկուկես տասնյակ հայ գործարարներ հայտնվել են չինացի որոշ խաբեբաների ծուղակում եւ զգալի գումարներ են կորցրել։

Այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ ցանկանալով էժան գներով հումք եւ սարքավորումներ ձեռք բերել Չինաստանից՝ հայ գործարարները փորձել են ինտերնետի միջոցով մատակարարներ գտնել։ Օգտվել են հիմնականում alibaba.com տեղեկատվական կայքից, որը գնորդների եւ վաճառողների միջազգային հարթակ է եւ բավականին տարածված է հայաստանյան գործարարների շրջանում։

Խնդիրն այն է, որ հայ գործարարները պատշաճ ձեւով չեն պարզել, թե որպես մատակարար ներկայացող կազմակերպությունը որքանո՞վ է վստահելի։ Արդյունքում՝ ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել են պատվերի արժեքը եւ կանգնել փաստի առաջ։

Մեկն ընդհանրապես ապրանքը չի ստացել, մյուսը ստացել է՝ սակայն լրիվ ուրիշ բան։

Օրինակ՝ գործարար Իսահակ Աբրահամյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ինքը Չինաստանից պատվիրել է փրփրապլաստի (пенопласт) հումք, սակայն իրեն դրա փոխարեն ուղարկել են, իր իսկ խոսքերով, «զիբիլ»։ Պատվերի համար Աբրահամյանը վճարել է 26 հազար դոլար, սակայն առայսօր չի կարողանում փոխհատուցել վնասը…»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում