Օբաման կոտրել է Թուրքիայի «սիրտը»

Մայիսի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ-ը, որտեղ ի թիվս բազմաթիվ հանդիպումների տեսակցեց նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ինչպես և հայտարարվել էր և սպասելի կողմերի քննարկման հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: Էրդողանն ու Օբաման համաձայնության եկան մեկ հարցի շուրջ, որ Ասադն այլևս չի կարող իշխել Սիրիայում: Սակայն Օբաման երաշխիքներ չտվեց, որ ԱՄՆ-ն մասնակցություն կունենա այդ հարցում:

Էրդողանի այցի վերաբերյալ «Hurriyet»-ի հետ զրույցում իր տեսակետն է արտահայտել «Միջազգային ճգնաժամային խմբի» ղեկավար Հյուղ Պոպը: Նա նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից չստացավ այն, ինչ սպասում էր Սիրիայի հարցում:

– Ես կարծում եմ, որ Էրդողանը չկարողացավ ստանալ այն, ինչ ակնակալում էր: ԱՄՆ-ն բավականին բացահայտ արտահայտվեց իր մտադրությունների հարցում՝ նշելով, որ չի պատրաստվում ռազմական գործողություններ իրականացնի Մերձավոր Արևելքի այդ երկրում,- նշել է Հյուղ Պոպը:

«Hurriyet»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ եթե Թուրքիան ակնկալում էր, որ ԱՄՆ-ի դերակատարությունը Ասսադին տապալելու հարցում, ապա սխալվել էր իր հաշվարկներում: Էրդողանը պետք է, որ հիասթափված լինի, քանի որ չեն արդարացել նրա մեկ և կես տարվա սպասելիքները:

Ի պատասխան այն հարցին, թե Էրդողանը մեկուսացել է Արևմտյան բլոկից, Պոպը պատասխանել է. «Ես խոսում եմ ընդհանուր իրավիճակից: Ոչ ոք այնքան մոտ չէ կրակին , որքան Թուրքիան: Եվ հենց այս երկիրն է վճարում ընթացիկ իրադարձությունների գինը: Սիրիական ճգնաժամը ցույց տվեց, որ Թուրքիան ինքնուրույն բավարար ռեսուրսներ չունի տարածաշրջանային կոնֆլիտները լուծելու համար:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում