Գյուղացիները երկու օր ժամանակ են տվել իշխանություններին

Կարկուտից տուժած գյուղացիներն արդեն  մի քանի օր է ինչ ցույցերի միջոցով փորձում են կառավարության ուշադրությունն ուղղել իրենց խնդիրների վրա: 

Վերջիններս դիմում են ծայրահեղ քայլերի, փակում կենսական նշանակություն ունեցող մայրուղիները:

Գյուղացիների համար այժմ նշանակություն չունի թե ինչի հետևանքով են կորցրել բերքը: Արդյոք հակակարկտային կայանները աշխատել են թե ոչ, դա արդեն էական նշանակություն ունենալ չի կարող: Միակ պահանջ այն է, որ Կառավարությունն ինչ որ կերպ աջակցի:

Նրանք խնդրում են կամ սառեցնել բանկային հաշիվները, կամ հետաձգել մարման ժամկետները, մի մասն էլ փոխհատուցում է պահանջում:

Այս հարցի շուրջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ կառավարությունը տուժած տնտեսվարողներին փոխհատուցում չի տրամադրի, փոխարենը կտրամադրի օգնություն:

Վարչապետի խոսքով` անգամ ամենազարգացած պետությունները չեն կարող նման դեպքերում փոխհատուցում ցուցաբերել:

Ինչ վերաբերվում է բանկերին, ապա վերջիններս իրենց հերթին խոստացել են հաշվի առնել գյուղացիների  ֆինանսական վիճակի վատթարացումը և ընդառաջել նրանց:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, իրենց տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ` ստորագրված ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից, որով ՀՀ իշխանությունները’ ի դեմս Սերգո Կարապետյանի, իրենց ձեռքն են պարզում եւ օժանդակություն են խնդրում այն քաղաքացիներից, ովքեր ցանկություն ունեն օգնելու եւ հանգանակություն կատարելու փաստաթղթում նշված հաշվեհամարով:

Հանգանակված գումարը, ըստ փաստաթղթի’ գյուղնախարարությունը փոխանցելու է օրերս կարկտահարությունից տուժած տնտեսություններին՝ փոխհատուցելու վնասը:

Աղբյուրը նշում է, որ ըստ երեւույթին, այս փաստաթուղթն ավելի շատ միտված է ազդելու Սփյուռքի մեր հայրենակիցների վրա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը ավերել է Արմավիրի մարզի 5-6 գյուղերի տնտեսությունները:

Ցուցարար գյուղացիները երկար բանակցություններից հետո` երկու օր ժամանակ տվեցին ՀՀ իշխանություններին՝ վնասը փոխհատուցելու համար:

 

Աստղիկ Սահակյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում