Ինտերակտիվ ներկայացում՝ ռուսական թատրոնի բեմում

Ինտերակտիվ ներկայացում՝ ռուսական թատրոնի բեմում

Հոկտեմբերի 26-ին և 27 -ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի իտալացի դրամատուրգ ԴարիոՖոյի «Ազատ զույգը» կատակերգությամբ։ Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, ներկայացումն իրականացրել է Նորա Գրիգորյանը։

Բեմադրիչի փոխանցմամբ, բեմում աշխատել են օգտագործել շատ քիչ բեմական պարագաներ։

«Բեմում աշխատել ենք մինիմալ պարագաներ օգտագործել․ մեկ իրը մի քանի իրի գործողություն է կատարում։ Պետք է ասեմ, որ պիեսը շատ թեթև է, ինտերակտիվ, սակայն իմ համոզմունքն է, որ այն սիրո մասին է․․․ Լուծումները շատ են․․․ Պիեսի գլխավոր կերպարները պատմում են իրենց կյանքի լինելիության, պատկերացրած և հանդիպած մարդկանց մասին։ Բեմում ցանկացել ենք ցույց տալ, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ իրական կյանքում՝ գլխավոր կերպարների երևակայության մեջ։
Այստեղ շատերը կտեսնեն զվարճալի և ծանոթ ընտանեկան կոնֆլիկտներ, փոխհարաբերություններ, բայց անսպասելի իրավիճակներում»։

Խոսելով բեմադրական լուծումների մասին՝ Ն․ Գրիգորյանը նշել է. «Պիեսի ձևաչափն ինտերակտիվ է․ հետաքրքիր են դերասան-հանդիսատես հարաբերությունները։ Երբ կարդացի գործը այն ինձ միանգամից դուր եկավ։ Հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են գլխավոր կերպարները խոսում, կիսվում հանդիսատեսի հետ ապրումներով և մեկ ակնթարթ հետո տեղափոխում մեզ դեպքի վայր՝ դեպի իրենց իրականությունը։ Իմ կարծիքով, պիեսը շատ արդիական է․․․ Հետաքրքիրն այն է, որ հանդիսատեսը, կտրվելով սեփական կենցաղից, գալու է և տեսնի այդ կենցաղը, սակայն այլ տեսանկյունից»։

Բեմադրիչը համոզված է, որ ներկայացումը դուր կգա հանդիսատեսին։

«Պետք է նշեմ, որ այս անգամ հանդիսատեսը ոչ թե դահլիճից կհետևի պիեսի գործողություններին, այլ հենց բեմից, քանի որ և´ դերասանները, և´ հանդիսատեսը կլինեն մեկ հարթության վրա»։

Ներկայացումն ունի երկու կազմ։ Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի երիտասարդ դերասանները։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում