Կառավարությունը մի բալգարկայի փող էլ չունի՞

Շուրջ 20 օր առաջ Արագածոտնի մարզի 12 համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը, քանի որ ուզում էին մեր իշխանությունների ուշադրությունը հրավիրել Ամբերդ գետի վրա կառուցված և կառուցվող ՀԷԿ-երին, որոնց պատճառով գյուղացիները զրկվել էին նորմալ խմելու և ոռոգման ջրից: Մարզային իշխանության ներկայացուցիչները կարողացել էին համոզել գյուղացիներին, որ նրանք դադարեցնեն ակցիան: Այն օրը Ամբերդի գլխամասում նրանք կարգավորեցին ջրի հոսքը, սակայն, ըստ գյուղացիների, իրենց վերադառնալուց հետո բարձրացվել են ամբարտակները, արդյունքում գյուղերը զրկվել են համապատասխան քանակության ջրաբաժնից: Շատ հավանական է, որ գյուղացիները երկրորդ անգամ դիմեն ծայրահեղ միջոցի և փակեն Երևան-Գյումրի մայրուղին և պահանջեն, որ գործողությունների վայր ժամանի վարչապետ Տիգրան Սարգսյանը,-գրել է «Հրապարակ»-ը:

Անցած անգամ, երբ գյուղացիները փակել էին մայրուղին, Գյումրի էր ժամանել Վովա Գասպարյանը: Ծանոթանալով խնդրին, նա հայտարարել էր’ «փող չունե՞ք, մի բալգարկա առեք, եթե չունեք’ ես կտամ: Առեք գնացեք էդ խողովակները կտրեք»: Իհարկե սա ամենաճիշտ լուծումն է, որից քիչ թե շատ ոգևորվել էին գյուղացիները: Զավեշտալի է, երբ գյուղացիներին զրկում են դարերով իրենց պատկանող ջրից, նաև ոչնչացնում կենդանական աշխարհը, գյուղացիներին մղում ծայրահեղ քայլերի: Այս հարցում կառավարությունը ասելիք չունի: Իսկ ասելիքն ու անելիքը այստեղ մեկն է’բալգարկայի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում