Ծառուկյանը սպանեց ՀԱԿ-ին՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ

«Հրապարակ»-ում կարդում ենք. «2011-ից հետո երկրում սպասվում էր երեք խոշոր ընտրություն’ ԱԺ, նախագահի և Երևանի ավագանու: Թմբիրի էֆեկտն ԱԺ ընտրություններում քննություն բռնեց’ ԲՀԿ-ն դարձավ խորհրդարան մտած երկրորդ խոշոր քաղաքական ուժը: Ընդ որում, ընտրություններից առաջ կուսակցությունը համալրեցին Սերժ Սարգսյանի հավատարին մարդիկ: Պարզ է, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին տեսավ ընդդիմադիր դաշտում, Սերժ Սարգսյանը յոթ փակի տակ քնած չէր: Նա էլ «համաձայնեց» տեսնել, բայց աչքը ԲՀԿ առաջնորդից չկտրելով: Բնականաբար, Գագիկ Ծառուկյանը 2011-ի օգոստոսից դարձավ այն վերմակը, ում յուրաքանչյուրը փորձեց քաշել իր կողմը:

Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկները քաղաքագիտական էին, ինչը Հայաստանի համար աշխատող չէ, Սերժ Սարգսյանի փաստարկները վարչական էին’ որ պահից Տեր-Պետրոսյանի առավելությունը զգացվի, իմ վարչական լծակները կաշխատեն: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին չարգելեց Տեր-Պետրոսյանին գցել թմբիրի մեջ, այսինքն, ընդդիմադիրություն խաղալ, բայց ոչ անձամբ, այլ’ կուսակցությամբ: Իսկ կուսակցությունը, ինչպես մենք տեսանք, դեռ ամբողջ Գագիկ Ծառուկյանը չէ:

ԱԺ ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պնդեց իրենը ‘ԲՀԿ-ն ընդդիմադիր է, կամ ունի ընդդիմադիր լինելու պոտենցյալ: Կմասնակցի՞ երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ: Չմասնակցեց: Ուրեմն ընդդիմադիր է: Իսկ Գագիկ Ծառուկյանը արեց ՀԱԿ-ի համար ամենասպանիչը’ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և չի կարող լինել: Ինքը գիտի ինչ է ասում, ԲՀԿ-ն գիտի, որ Ծառուկյանն իր մասին է ասում, ոչ թե ամբողջ կուսակցության, բայց երկուսն էլ, ներառյալ ՀԱԿ-ը, գիտեն, որ Ծառուկյանի հայտարարության թիկունքում վարչական լծակների ստվերն է: Եթե այսպես շարունակվի, նվազագույնը, որ կարող է անել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ին Ծառուկյանից տարանջատելն է: …Ծառուկյանն էլ ԲՀԿ-ի ամենաշլացուցիչ, աչք ծակող ստվերն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում