ԱԺ-ի «անբարոյականներ» ասելով ո՞ւմ ի նկատի ուներ Կարեն Ավագյանը

«Հրապարակ»-ը գրել է. երկրում սոցիալական լարված վիճակ է, իսկ իշխող կուսակցության կարիերիստները երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ժողովրդին հուսադրող խոսք ասելու փոխարեն շարունակեցին լավագույն ավանդույթները և այլ կուսակցություններին խարազանող ելույթներ ունեցան: «Ցավալի է, որ այս ամբիոնից բարոյականությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական կենսագրությունը մեր աչքի առաջ է և այլ բան է ասում»,-մասնավորապես հայտարարեց ՀՀԿ երիտթևի «ծերացող» պատգամավոր Կարեն Ավագյանը: «ՀԱԿ-ի մասին խոսելիս պիտի խնդրեմ, որ ներկայացնեք, թե որ ՀԱԿ-ի մասին է խոսքը»,- պատգամավորներին դիմեց նա:

Սրան ի պատասխան, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցուցամատը ցուցադրաբար օդ տնկեց և դահլիճում իր միակ թիմակից Գագիկ Ջհանգիրյանի հետ ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը: Նիստից հետո Կարեն Ավագյանից փորձեցինք ճշտել, թե ում նկատի ուներ ԱԺ-ի «անբարոյականներ» ասելով՝ խնդրեցինք կոնկրետ անուններ տալ, սակայն պատգամավորի նախկին պաթոսն այլևս չկար, և նա խուսափեց պատասխանից՝ ասելով, որ արդեն հասկանալի է: «Ուղղակի, որ հայտարարություն են անում ՀԱԿ-ի անունից, թող ճշտեն՝ դա որ ՀԱԿ-ից է. ՀԱԿ-ի՞ց, թե՞ ՀԱԿԿ-ից»,- նկատել է Կարեն Ավագյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում