Խռովությունն ու ապստամբությունը ցանկալի սցենար չէ ՀՅԴ-ի համար

Երևանի ավագանու ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը մեծ տեմպերով սկսել է սպառել իրեն: Թե ինչով է պայմանավորված ընտրությունից ընտրություն ավելի թույլ ցուցանիշների գրանցումը, «Իրավունքի» թղթակիցը փորձել է պարզել ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից:

«Նախ ասեմ, որ այստեղ ընտրություն ասվածը պետք խիստ հարբերական օգտագործել, որովհետև դա միջոցառում է, ու հատկապես վերջին երկու միջոցառումները ցույց տվեցին, որ ամենևին էլ կարևոր չէ, թե հասարակությունը ինչ է ուզում, այլ կարևոր է, թե իշխանություններն ինչպես են ցանկանում: Սա ոչ միայն ընդդիմության, այլ նաև երկրի, իշխանության թուլության նշանն է: Ցանկացած մարտահրավերներին դիմագրավելու ունակ երկիր մտածում է քաղաքական մարտահրավերների մասին ու այն մասին, որ ընդդիմությունը պետք է ուժեղ լինի, այլ ոչ թե որքան ընդդիմությունը թույլ լինի, այնքան լավ: Բնական է, որ պետք է աշխատենք հասարակության հետ, մյուս կողմից էլ իշխանությունը պետք է իմանա, որ անկախ քաղաքական կուսակցությունների ցանկություններից կամ կամքից, հասարակությունն ինքնին կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծել՝ խռովությունից մինչև ապստամբություն, ինչը թեև ցանկալի սցենար չէ, սա ասում եմ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, դա նաև հնարավոր չէ բացառել այն հալածանքի, ճնշման և, օգտվելով իշխանության բառապաշարից «գաղջ մթնոլորտ» պայմաններում, որը ստեղծել է իշխանությունը և ինքն իր գլխին փորձանք է սարքում, և ոչ միայն իր, այլ նաև ժողովրդի ու պետության: Սա տանում է դեպի անդունդ»,- Նշել է Արծվիկ Մինասյանը::

Խոսելով ՀՅԴ-ի հետագա ծրագրերի մասին՝ Ա. Մինասյանը նշել է. «Մեր ծրագրերը շատ են, մենք չենք փոխել մեր քաղաքական կեցվածը և գտնում ենք, որ երկրին զարգանալու համար անհրաժեշտ է, որ իրականացվի կառավարման համակարգի հիմնարար փոփոխություններ, անհրաժեշտ է նաև, որպեսզի երկրի կառավարման համակարգը վերածվի խորհրդարանական համակարգի, իսկ ներկուսակցական փոփոխություններն էլ առաջիկայում կտեսնեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում