Քաղաքապետարանի միջամտությամբ` աշխատանքից ազատվել է երեխաների նկատմամբ բռնություն կիրառող դայակը
Նմանատիպ
Վերջերս բավականին հաճախ ենք ականատես լինում բռնությունների և որքան էլ որ տարօրինակ հնչի դրանց մեծ մասը տեղի են ունենում մանկապարտեզներում, դպրոցներում և մանկատներում:
Բռնության մի դեպքի էլ ականատես է եղել երեխային մանկապարտեզ ուղեկցող ծնողը, ով ոոշել է արձագանքել և դիմում նամակով է ուղարկել քաղաքապետարան:
Վերջինիս խնդրանքը անպատասխան չի մնացել և բռնություն կիրառող դայակը ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է Slaq.am-ը:
Ծնողի նամակը ներկայացնում են ստորև.
«Ս. թ. մայիսի 15 –ին երեխայիս մի փոքր ուշացումով մանկապարտեզ տանելիս պատահաբար ականատես եղա, թե ինչպես է դաստիարակը անպատվում և դաժան հարվածներ է հասցնում մանկապարտեզի մեկ այլ երեխայի դեմքին: Փոքրիկը սարսափած էր, բայց չէր լացում: Մնացած երեխաները նույնպես վախեցած նստած էին իրենց տեղերում և լուռ հետևում էին դաստիարակի մեղմ ասած վայրագ գործողություններին: Ինձ տեսնելուն պես’ ձեռքերը հետ քաշեց: Այդ պահին դայակներից մեկը երեխային արագ տարավ լվացվելու:
Բայց անգամ դա չօգնեց թաքցնել երեխայի սարսափը և դաստիարակի կողմից հասցված հարվածներից երեխայի այտերին դրոշմված մատնահետքերը: Ես բացատրություն պահանջեցի, թե ով է նրան իրավունք վերապահել երեխայի վրա ձեռք բարձացնել: Նա արդարանում էր, թե իբրև պատահական է ստացվել: Որ նա 35 տարվա փորձառու մանկավարժ է, ուղղակի երեխան շատ էր աղմկում և խանգարում էր բաց դասը: Սակայն ինչպես ես նկատեցի’ ոչ մի պատահականություն այդ ամենում չկար: Եվ առհասարակ, երեխայի նկատմամբ բռնություն կիրառելիս պատահականություն բառը ամենևին անտեղին է:
Մեկ ամիս առաջ նույն այդ «դաստիարակը» հարվածել էր իմ երեխային: Ես նրան զգուշացրեցի, որ այլևս նման բան չկրկնվի, այդ մասին նաև տեղյակ պահեցի տնօրենին, սպառնացի, որ մյուս անգամ կատարվածի մասին կիմանան նաև քաղաքապետարանում: Դաստիարակը ստացավ խիստ նկատողություն: Ինձ տեսնելուն պես, երեխայիս հետ շատ բարեհամբույր էր, բայց դրա հետ մեկտեղ երեխայիս պիտակավորել էր և մյուս երեխաների ներկայությամբ անընդհատ ասում էր. «դու ու քո մայրը բողոքական եք»: Հետաքրքիրն այն է, որ երեխաս ինձ շատ բաներ չէր պատմել: Դեպքից հետո եմ իմացել որոշ մանրամասներ, թե ինչպիսի վիրավորական խոսքեր էր ասում երեխաներին, դաժանությամբ հարվածում նրանց, մանավանդ տղաներին:
Երեխաս ինձ մի օր հարցրեց. «մամ, բա, սատկել բառը ճիշտ է օգտագործել մարդկանց նկատմամբ»: Երբ փորձեցի պարզել, թե ինչու ես հարցնում, ասաց. «ուղակի հետաքրքիր է»: Վերջերս իմացա, թե ինչու էր աղջիկս այդ հարցով այդքան հետաքրքված: Փաստորեն երեխաներից մեկի բացակայության ժամանակ, դաստիարակը քմծիծաղ տալով երեխաներին հայտարարում էր. «այսօր քո պարի զույգը բացակա է, սատկել է, մենակ կպարես»:
Այդ օրը աղջկաս տուն տարա, ճանապարհին հանդիպեցի հարևաններիս, ովքեր, նկատելով իմ ու երեխայիս հուզմունքը, սկսեցին հարց ու փորձ անել: Ես նրանց պատմեցի դեպքի մասին և ասացի, որ որոշել եմ դիմել քաղաքապետարան: Նրանցից ոմանք, պնդում էին, որ անիմաստ է’ քաղաքապետարանը ոչ մի բան չի ձեռնարկի: Ես գիտեի, որ քաղաքապետարան դիմելո արձագանք կստանամ, բայց անգամ ես, լինելով ոլորտից բավականին լավատեղյակ անձ, չէի պատկերացնում, որ արձագանքը կլինի այդքան արագ և արդյունավետ:
Նույն օրը դեպքի մասին տեղեկացրեցի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Տարոն Գևորգյանին, ով դեպքի մասին անհապաղ զեկուցեց նույն վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով էլ խնդիրը րոպեներ չանցած ներկայացրեց հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին: Երկու ժամ հետո հանրակրթության վարչության աշխատակիցներից բաղկացած հանձնախումբը արդեն մանկապարտեզում էր: Արդյունքում’ հարցը լուծվեց հօգուտ երեխաների’ դաստիարակը հեռացման վտանգը զգալով ‘ աշխատանքից ազատվեց սեփական դիմումի համաձայն:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հանրակրթության վարչության պետ Տիկին Սողոմոնյանին և քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին, ովքեր այդքան աչալուրջ գտնվեցին և այդքան արագ արձագանքեցին այս խնդրին:
Հիմա համոզված եմ, որ առնվազն քաղաքապետարանի մակարդակով, երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմերը արդյունավետ են գործում: Այս դեպքը ապացուց այն, որ այսուհետ մենք’ ծնողներս, պետք է մի կողմ դնենք մեր թերահավատությունը պետական կառույցների նկատմամբ և դառնանք ավելի պահանջատեր, երբ ականատես ենք լինում երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորուման:
Մելինե Սեդրակյան»
Հետևեք մեզ նաև Telegram-ում