Արկադի Վարդանյանի կալանքի որոշումը կբողոքարկվի

Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Ռշտունին, որը երեկ կալանավորված Արկադի Վարդանյանի փաստաբանն է, պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալին կալանքի տակ վերցնելու մասին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Նարինե Ռշտունին: Հողորդում է Panorama.am-ը:

«Ստանդարտ ձևակերպումներով միջնորդություն էր և ստանդարտ ձևակերպումներով որոշում էր, և իհարկե, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կբողոքարկենք որոշումը», -փոխանցել է տիկին Ռշտունին:

Փաստաբանը նաև ասել է, որ Արկադի Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այն համարում է «իր հետ կապ չունեցող»: «Ես չգիտեմ ինչ ապացույցներ ունեն և նախաքննության այս փուլում չեմ կարող իմանալ, թե իրենք ինչով են առաջնորդվում: Իսկ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից ես եզրակացություն չեմ կարող անել», -նկատել է փաստաբան Ռշտունին:

Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 20-ին հաղորդագրություն տարածեց’ տեղեկացնելով, որ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր’ Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների’ Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:

Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Հիշեցնենք’ Արկադի Վարդանյանը Հայաստանի նախագահական ընտրություններից հետո, մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի’ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին: Նա 2000-2001 թվականներին Հայաստանում ընդդիմադիր շարժում է ղեկավարել, որի գոյությունը քիչ տևեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում