ԱԺ-ում պատգամավորները անցնում են էթիկայի սահմանը

Ազգային ժողովում քվեարկության դրվեց նախորդ օրը քննարկված «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Ինչպես հայտնում է Lurer.com-ը Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագծում «Ժառանգության» պատգամավորնեը պահանջում էին հրապարակայնացնել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները։

Այս առիթով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ խորհուրդ է տվել «Ժառանգության» ներկայացուցիչներին հետաձգել նախագիծը և հետագայում կազմակերպել քննարկումներ։

Մեկ այլ աղբյուր’ Panorama.am-ը անդրադառնալով այս թեմային նշել է, որ ԱԺ Հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ելույթի իրավունք է խնդրել և խորհրդարանի ղեկավարին հորդորել է, որ կարևորագույն հարցերի քննարկումը պետք չէ ընդհատել այլ’ ոչ կարևոր օրինագծերի քննարկմամբ:

Պատգամավոր Բաղդասարյանը հիշեցրել է Զարուհի Փոստանջյանի երեկվա հայտարարույթյունը, որի ժամանակ նա գլխավոր դատախազին որակել էր «խարդախ» և ասել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի խորհրդարանի նիստերի դահլիճում նման վիրավորանքներ հնչեն պաշտոնյաների հասցեին:

«Ազգային ժողովը բավարարվելու տեղ չէ, խնդրում եմ գնացեք այլ տեղերում ձեր բավարարման միջոցը գտեք», -հայտարարել է Բաղդասարյանը:

Այս թեմայի շուրջ Henaran.am-ը գրում է, որ Վահրամ Բաղդասարյանը խնդրել է կարգի հրավիրել արժանավոր մարդկանց  վարկաբեկողներին:

«Անբարոյականները խոսում են ճշմարտության մասին»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Անկախ այս քննարկումների, միևնույնն է, նախագծի քվեարկությունը չի հետաձգվել:

«Ժառանգության» առաջարկած նախագիծը 43 կողմ, 64 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց:

 

Աստղիկ Սահակյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում