Սամվել Ալեքսանյանը նեղացել է Գագիկ Ծառուկյանի պատճառով , թե՞ խուսափում է Փակ շուկայի հարցերից

Սամվել Ալեքսանյանը լրագրողներին տեսնելուն պես՝ այսօր ԱԺ-ում նեղացած դեմք է ընդունել:

Այս մասին հաղորդում է Aravot.am-ը և հավելում՝ երբ լրագրողը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է նեղացել, պատգամավորը նշել է’ «Առավոտ շուտ հելա, տրամադրված եկա, ասի մի 3-4 հարցազրույց տամ, էն էլ ինձ ոչ մի հարց չտվեցիք, բա դու ըլնեիր՝ չէի՞ր նեղանա»:

Բանն այն է, երբ Գագիկ Ծառուկյանը նախօրեին մասնակցում էր նիստին, նրա շուրջ կենտրոնացած լրագրողները փոքրիշատե «անտեսել են» Ալեքսանյանին, որն էլ որոշել է՝ պետք է նեղանա և իրեն վերաբերվող կարևոր հարցերին չպատասխանի:

Ալեքսանյանը լրագրողներին փոխանցել է նաև, որ իր քրոջ որդին՝ Արթուրը, Մալաթիայի թաղապետ չի լինելու, իսկ ինքը մնալու է ավագանիում:

Խոսելով ընտրությունների մասին՝ Սամվել Ալեքսանյանը վստահեցրել է, որ բացարձակապես չի խառնվել: Երբ հիշեցրել են, որ ընտրատեղամասից ընտրատեղամաս էր գնում՝ նա պատասխանեց. «Ընտրություններին ահազանգ եղավ, գնացի ասեցի տենամ ինչ կա: Ասի խելոք մնացեք»:

Այն հարցին, թե ինչքա՞ն գումար է ծախսել այս ընտրություններին՝ նա վստահեցրել է՝ «Ոչ մի կոպեկ. չէ լուրջ, ես բան չեմ արել»:

Դիտարկմանը, որ միայն «Փարվանայի» քեֆերը կազմակերպելը արդեն լուրջ գումար է՝ նա պատասխանել է. «Փարվանայում միշտ էլ քեֆ է, էսօր էլ է քեֆ: Ժողովուրդը միշտ էլ քեֆ ա անում»:

Մեկ այլ աղբյուր Lragir.am-ը նշում է, որ Սամվել Ալեքսանյանը ասել է, որ նեղացած է լրագրողներից այն բանի համար, որ քառօրյայի մեկնարկին՝ երկուշաբթի օրը լրագրողները ուշադրության կենտրոնում են պահել ԱԺ ժամանած ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ իրեն անտեսել են:

Ի հակադրություն վերոնշյալ հարցազրույցի` այս աղբյուրը նշում է, որ երբ լրագրողները փորձել են հարցազրույց վերցնել նա պարզապես փախուստի է դիմել:

Փակ շուկայի մասին առաջին հարցը լսելուն պես Ալեքսանյանը նշեց. «Լավ, ես գնացի»:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում