Չակերտներ. Սերգեյ Սմբատյան
Նմանատիպ
Դիրիժոր, ջութակահար
Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի որդին է: 4 տարեկան հասակից սովորել է ջութակ նվագել իր տատիկի՝ Տ.Հայրապետյանի մոտ, այնուհետև սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 13 տարեկան հասակում, լինելով տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր, Իտալիայի «Rovere d’Oro» միջազգային մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Իբրև մենակատար ելույթ է ունեցել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ:
Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ դիրիժորության Յուրի Դավթյանի դասարանում: Զուգահեռաբար սովորել է նաև Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:
2009թ. ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները և ստացել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի արվեստագիտության գիտությունների թեկնածուի աստիճան:
2008թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրվել է վարպետության դասընթացի մաեստրո Ռիկարդո Մուտիի մոտ:
2012թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան:
Վարպետության դասընթացներ է անցել Զախար Բրոնի, Գրիգորի Ժիսլինի, Ռուջերիո Ռիչչիի և այլ աշխարհահռչակ ջութակահարների մոտ:
2005թ. հիմնել և ղեկավարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն ելույթներ է ունեցել Փարիզի, Բեռլինի, Մոսկվայի, Աբու Դաբիի և այլ քաղաքների հայտնի համերգասրահներում:
Համագործակցել է համաշխարհային բեմի կարկառուն ներկայացուցիչների հետ` Վլադիմիր Սպիվակով, Արթուր Փափազյան, Դենիս Մացուև, Ֆրանկ Ֆերնանդես, Ժոաո Դոնատո, Վադիմ Ռեպին, Միշել Լեգրան և բազում այլ հռչակավոր երաժիշտներ:
Հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համահիմնադիրը:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերին՝ ելույթներ ունենալով ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում:
2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում