Մհեր Սեդրակյան. Այդ հարցերն ավելի կոմպետենտ մարդկանց տվեք. ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը բավականին կոպիտ տոնով պատասխանել է մի շարք հարցերի:

Aravot.am-ի փոխանցմամբ` այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կառավարության ծրագիրը, ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն արձագանքել է.

«Շատ լավ, դու էլ խելքի կգաս, ծրագիրն էլ կհաջողվի»:

Henaran.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է Կառավարության ծրագրով կասեցնել արտագաղթը հարցին ի պատասխան’ Սեդրակյանը նշեց. «Այդ հարցերն ավելի կոմպետենտ մարդկանց տվեք, յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ»:

Մեկ այլ հարցի’ ձեզ’ որպես պատգամավորի, չի՞ մտահոգում, որ արտագաղթ կա երկրում, նա նշեց. «Բոլորիս էլ մտահոգում ա: Մարդիկ գնում են, իրանց ըտենց պետք ա, ես ի՞նչ անեմ: Էն աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե այստեղ անեն՝ իրենք ավելի լավ կապրեն, քան թե գնան դուրս, ծառայեն, նոքարություն անեն: Մնան ստեղ 50 տոկոս էլ աշխատեն, ավելի լավ կապրեն: Մենք սովոր ենք գնալ-գալ ըտենց»:

Իսկ գազի գնի թանկացումը կնպաստի՞ արտագաղթի ծավալների ավելացմանը, Մհեր Սեդրակյանը նշել է. «Աշխատանքը հնարավորինս իրականացվում ա, կարող ա՞ գազը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք գին որոշենք: Ռուսական պետություն ա, ոնց ուզենա, տենց կանի»: Պետքա բանակցություններն ընենց անեն, որ մի քիչ չափի մեջ լինի»:

Լրագրողի այն հարցին , թե ինչո՞ւ դեմ քվեարկեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին’ Մհեր Սեդրակյանը պատասխանել է. «Շատ լավ արեցի: Արեցի, որ հարցը տայիր»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում