Դատարանի նման դիրքորոշումն անընդունելի է
Նմանատիպ
Երբեմն Հայաստանի Հանրապետության դատավորները զարմացնում են իրավունքի նորմերի մեկնաբանության տեխնիկայի կիրառմամբ՝ մի ծայրահեղությունից ընկնելով մյուս ծայրահեղության մեջ: Ստորև ներկայացնում ենք մի դատական գործ, որը քննվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Գ.Խաչատրյանի նախագահությամբ), և որում դատարանը, մեր կարծիքով, զավեշտալի մեկնաբանություն է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասին (խոսքը վերաբերում է թիվ ԵԷԴ/0108/02/13 քաղաքացիական գործին):Այս մասին գրում է Legalportal.am-ը:
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, 30.11.2012թ. դիմում էր ներկայացրել գործատուին՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից: Սակայն 04.12.2012թ. նույն աշխատակիցը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասով, կրկին դիմում էր ներկայացրել գործատուին՝ բառացի նշելով հետևյալը. «Դիմում. Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից՝ 15.01.2013թ. իմ դիմումի համաձայն: Իմ նախորդ դիմումը 30.11.2012թ. համարել անվավեր»: Այդուհանդերձ գործատուն 07.12.2012թ. կայացրել է հրաման՝ աշխատակցին աշխատանքից ազատելու մասին: Այսինքն՝ գործատուն հիմք չէր ընդունել աշխատակցի 04.12.2012թ. դիմումը:
Աշխատակիցը գործատուի 07.12.2012թ. հրամանը բողոքարկել էր դատարանում: Դատավարության ընթացքում գործատուի ներկայացուցիչը չէր ներկայացրել պատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի իմաստով, սակայն ի հիմնավորումն գործատուի գործողությունների օրինականության պնդում էր, որ աշխատակիցը գործատուին չի ներկայացրել դիմում, որը կհամապատասխաներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասին, քանի որ իր դիմումում աշխատակիցը նշել էր ոչ թե «հետ է վերցնում իր նախորդ դիմումը», այլ «խնդրում է անվավեր համարել նախորդ դիմումը»:
Դատարանը 08.05.2013թ. կայացրել է վճիռ, որում կրկնել է գործատուի ներկայացուցչի առարկությունը և այդ հիմնավորմամբ աշխատակցի հայցը մերժել է: Ի հիմնավորումն իր տեսակետի և նրա, որ դատարանն անկախ է և օբյեկտիվ, դատարանը, ի թիվս այլ նորմերի, հղում է կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11 հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասին:
Այսինքն՝ դատարանը գտել է, որ աշխատանքային օրենսդրության նորմերը, տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասը, անհրաժեշտ է մեկնաբանել դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Զարգացնելով իր միտքը՝ դատարանը նշել է. «…հետ վերցնել ու անվավեր ճանաչել եզրույթների մեջ իրավական առումով առկա է հստակ տարբերություն, թե կիրառման և թե՝ հետևանքների առաջացման իմաստով, որպիսի պարագայում հայցվորի կողմից ակնկալվող դիմումի անվավեր ճանաչելու կամ չեղյալ հայտարարելուն ուղղված ակնկալիքը չիրականացող և իրավաբանորեն անթույլատրելի էր»:
Կարծում եմ, որ դատարանի նման հետևությունը անարդար է և խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ստորև ներկայացնենք մեր հիմնավորումները:
Նախ՝ թեև դատարանը վճռում նշում է, որ հետ վերցնել և անվավեր ճանաչել հասկացություններն ունեն հստակ իրավական տարբերություններ և հետևանքներ, սակայն վճռում այդպես էլ չենք տեսնում այդ հասկացությունների հստակ տարբերությունները և տարբեր իրավական հետևանքները ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում: Միգուցե այլ օրենսդրությունում դրանք ունեն տարբեր իրավական հետևանքներ և չեն կարող փոխարինել մեկը մյուսին, սակայն ո՞րն է դրանց տարբերությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասի կիրառման համար: Կարծում ենք, որ դատարանը նման տարբերություն չի նշել, քանի որ չէր կարող նշել: Հետևաբար՝ նման տարբերություն այս դեպքում չկար: Այսինքն՝ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասը (վճիռը բավարար չափով պատճառաբանված չլինելու առումով):
Երկրորդ՝ կայացնելով նման վճիռ և փորձելով հետևել օրենքների և դիմումների բառերի տառերին՝ դատարանը, մեր կարծիքով, չափազանց անարդար է գործել և նսեմացրել օրենքի նշանակությունը. դատարանը օրինականացրել է անբարեխիղճ վարքագիծը՝ անտեսելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասը:
Երրորդ՝ դատարանը նշում է, որ նման հետևության հանգել է բառերի և արտահայտությունների տառացի նշանակության հաշվառմամբ: Սակայն դատարանն այս կանոնը կիրառել է միայն մասնակի: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասի իմաստը կայանում է նրանում, որ աշխատակցին հնարավորություն է տրվում միակողմանի կամահայտնությամբ վերացնել այն հետևանքները, որոնք առաջացել էին նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցման ներկայացմամբ: Հետևաբար՝ հստակ արտահայտված կամքը, որից հնարավոր է հետևություն անել այն մասին, որ աշխատակիցն այլևս չի ցանկանում դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, բավարար է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասի կիրառման համար: Կարծում ենք, որ քննարկվող դեպքում աշխատակցի կողմից ներկայացված դիմումը միանշանակ էր արտահայտում աշխատակցի կամքը. նա այլևս չէր ցանկանում, որպեսզի նրան աշխատանքից ազատեն 30.11.2012թ. դիմումի հիման վրա, քանի որ նա խնդրում էր աշխատանքից ազատել 15.01.2013 թվականից:
Նման պայմաններում կարծում ենք որ դատարանը խեղաթյուրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ մասի իմաստը: Ստացվում է, որ եթե աշխատակիցը գործատուին դիմում ներկայանցներ, որում կլինեին ուղղագրական սխալներ կամ վրիպակներ, ապա դատարանը ևս պետք է ասեր, որ դիմումը չի համապատասխանում ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսվածին: Օրինակ’ պատկերացնենք, որ աշխատակիցը ներկայացրել էր դիմում, որում նշել էր. «Սույնով հետ եմ վերձնում իմ նախորդ դիմումը»: Ինչպես տեսնում ենք «վերցնել» բառը սխալ է գրված: Հիմա կիրառենք այն կանոնը, որը դատարանն է առաջարկում. տառացի մեկնաբանենք բառը կամ արտահայտությունը: Ասենք դատարանը կօգտվեր «Արդի հայերենի բացատրական բառարանից» կամ ինչ-որ այլ բառարանից և կհանգեր այն հետևության, որ «վերձնել» բառ հայերենում չկա: Ուստի’ աշխատակիցը չի ներկայացրել մի դիմում, որը պետք է ներկայացներ:
Պատկերացնենք, թե նման տրամաբանությամբ որքա՞ն «հետաքրքիր» դատական գործեր կլինեն: Օրինակ’ ինչպիսի՞ հետևության կհանգի դատարանն այն դեպքում, երբ, ասենք, աշխատակիցն իր դիմումի մեջ նշած լինի «…խնդրում եմ ընթացք չտալ իմ’ աշխատանքից ազատելու մասին դիմումին…» կամ «…խնդրում եմ աշխատանքից ազատելու մասին իմ դիմումը չքննարկել…» և այլն: Կարծում ենք, որ նման դեպքերը կարող են շատ լինել, և եթե գործատուն անբարեխղճություն դրսևորի, իսկ դատարանն արդարացնի այդ անբարեխղճությունը, ապա համանման իրավիճակում հայտնված աշխատակիցները պարզապես կհայտնվեն անելանելի վիճակում:
Ամփոփելով ասվածը՝ կարծում ենք, որ դատարանը ոչ միայն խախտել է ՀՀ օրենսդրության նորմերը, այլև արդարացրել է իրավահարաբերության մասնակիցների կողմից անբարեխիղճ վարքագծի դրսևորումը, ինչն էլ անարդարության դրսևորում է:
Այս հոդվածով ցանկանում ենք հանրության ուշադրությունը դարձնել համանման խնդիրների վրա, քանի որ դատարանի նման դիրքորոշումն անընդունելի է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում