«Արմավիայում» տեղյակ չեն, որ կառավարությունն իրենց դատի է տվել

Երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է պարզել «Արմավիա»-ի հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից, թե դա ինչ դատական հայց է, և ինչ է պատրաստվում անել ընկերությունը: Սակայն մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք առաջին անգամ են լսում, որ նման բան կա. «Մեզ գրավոր հարց ուղղեք վաղը, կտեսնենք՝ նման հարց կա, թե ոչ»: Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն ապրիլի մեկից դադարեցրել է իր թռիչքները:

Թերթը հիշեցնում է՝ «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 27-ի համարում գրել էր, որ «Արմավիա»-ն օդի տուրքի գումարը՝ 10-հազարական դրամ, 4 տարի շարունակ ուղևորներից գանձել է,սակայն պետությանը չի վճարել: Երբ թերթի թղթակիցը հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին, նա հրաժարվել էր մեկնաբանել՝ առաջարկելով դիմել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն: ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանն էլ ասել էր, թե դա ավիացիոն վարչության գործառույթ չէ, ուստի չի կարող պատասխանել: Հավելենք, որ 10 հազար դրամ օդի համար վճարելու որոշումը ընդունվել է 2008թ., իսկ 2009թ. մարտից գումարը ներառվեց տոմսի գնի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում