Սահմանի վրա գազը թանկանալու է 5 տոկոսով

«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք. « Այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց գազի ներմուծման գնի 30 տոկոսը սուբսիդավորելու մասին, այլևս պարզ է, որ թանկացման իրական ազդեցությունը ներքին սակագների վրա, ինչպես նաև տնտեսության մեջ շատ ավելի փոքր է լինելու, քան սպասվում էր։ Ստացվում է, որ սահմանի վրա գազի գինը բարձրանալու է 9 դոլարով կամ ընդամենը 5 տոկոսով։ Այլ կերպ ասած, եթե ներքին սակագները նախկինում ձևավորվում էին 180 դոլարից, ապա այժմ կձևավորվեն 189 դոլարից։

Նման թանկացման ազդեցությունը չի կարող շատ մեծ լինել, եթե, իհարկե, պետական կառավարման մարմինները հետևողական լինեն և թույլ չտան արհեստական գնագոյացման երևույթներ, այդ թվում՝ նաև էներգակիրների ներքին սակագների ձևավորման դեպքում։ Թեև այդպիսի երևույթներ արդեն նկատվում են։ Ընդ որում՝ սկսած «ՀայՌուսգազարդի» հայտից։ Ամեն դեպքում, 30 տոկոս սուբսիդավորումից հետո ներքին սակագների վրա գազի ներմուծման թանկացման ազդեցությունն էապես նվազում է։ Այլ հարց է, որ կան ներքին տնտեսական միջավայրից թելադրված որոշ գործոններ, որոնք ևս դեր ունեն ներքին սակագների ձևավորման վրա։

Խոսքը վերաբերում է գնաճին և փոխարժեքներին։ Թեև երկու դեպքում էլ դրանց ազդեցությունը սակագների վրա չպետք է գերագնահատել։ Գազի ներքին սակագինն այնպես է բաշխված սպառողների վրա, որ հատկապես փոխարժեքի փոփոխության ազդեցությունը հասնի նվազագույնի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում