Բոլորը բողոքում են, բայց տուրիզմ զարգացնել առանց զուգարանների հնարավոր չէ. ՀՀ վարչապետ

ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ-ի գերատեսչությունների կատարած աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք թերություններ են հայտնաբերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Մասնավորապես, բիոզուգարանների տեղադրումը համարվել է ոչ արդյունավետ: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը’ ներկայացնելով Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները էկոնոմիկայի նախարարության գործունեության վերաբերյալ: 

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, երկու զուգարանները, որոնք տեղադրված են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Տաթևի վանքի տարածքում, ունեն տեխնիկական խնդիրներ’ անսարքություն: «Ի՞նչ ասեմ, եթե գնահատվում է անարդյունավետ… պարզ է, որ զուգարանը չի աշխատում, պետք է այդ անսարքությունը վերացվի, իսկ դա փող արժե: Մյուս կողմից’ արդյոք նմանատիպ զուգարանները մեզ պետք են, թե’ ոչ: Եթե կառավարությունը որոշում է, որ նման ծրագիր պետք է իրականացվի, ապա ի՞նչ է նշանակում անարդյունավետ գնահատելը»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:

Վարչապետը հանձնարարեց հարցը քննարկել նախարարությունում, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում այս թեման մշտապես քննարկվել է տուրիզմի զարգացման տեսանկյունից: «Բոլորը բողոքում են, բայց տուրիզմ զարգացնել առանց այդ համակարգի հնարավոր չէ: Ձեր նախարարությունը նախաձեռնել է պիլոտային նախագիծ: Հիմա այդ զուգարանները պետք է աշխատեն ինքնածախսածածկվող սկզբունքով’ վճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Պրոեկտի իմաստը դրանում էր, սական արդյունք չի տվել, հիմա սպասում ենք ձեր վերլուծությանը, թե ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի»,- ասաց Տ.Սարգսյանը:

Ինչպես հայտնում է Armenpress.am-ը Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ զուգարանների գների հետ կապված խնդիրներ են առաջացել և հարցրեց, թե իրականում որքան գումար է ծախսվել այս ուղղությամբ:

Վարչապետի խոսքով’ երեկ Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիները ևս այս հարցը բարձրացրել են’ նշելով, որ զուգարանների դիմաց ծախսված 540 հազար դոլարն անհրաժեշտ էր իրենց հատկացնել: Ի պատասխան’ Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ծախսվել է 100 մլն դրամ’ արտաբյուջետային միջոցներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում