ՀՀ վարչապետ. Կարկուտից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական օժանդակություն կցուցաբերվի

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ’ տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացմանն ուղղված կառավարության քայլերը։

Panarmenian.net-ի փոխանցմամբ’ վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ արդեն իսկ վարչապետի հանձնարարականով հանդիպել էին գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը:

Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ’ բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:

Օգտվելով առիթից՝ գյուղացիները վարչապետին տեղեկացրել են, որ հողի հարկի վճարման հարցում դժվարություններ ունեն: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից: Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մի շարք համայնքների ղեկավարների խնդրանքը, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շտապ կարգով վերջիններին ապահովել անհրաժեշտ սերմերով՝ ըստ պահանջարկի: Ներկաները նաև տեղեկացրել են, որ ունեն մեծ քանակությամբ ջրի պարտք, ինչը չեն կարողանալու մարել, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Հանդիպման ավարտին վարչապետը հայտարարել է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով լինելու է գյուղացու կողքին: Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:

Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.

1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։

2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։

3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմնացու, պարարտանյութ և դիզվառելիք։

4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:

5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։

6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:

7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։

Նշենք, որ ՀՀ վարչապետը եղել է նաև Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել և ընդհանրապես արդյունավետ չեն։

ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայանները, որոնք չեն գործել կարկուտի օրը, համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Մրգաշատ գյուղում, որտեղ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից Մխիթարյանների ընտանիքին: 11 երեխայից բաղկացած ընտանիքը բնակվում է վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:

Իսկ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու միջոցառումների ծրագիրը: Ինչպես հայտնում է Panorama.am-ը’ երեկ Արմավիրի մարզում ամփոփել են վերջին 10 օրվա ընթացքում կատարված աշխատանքները:

«Իսկապես աննախադեպ կարկուտ է տեղի ունեցել մայիսի 12-ին, և բազմաթիվ տնտեսությունների համար դրանք ցավալի հետևանքեր են ունեցել»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքերով’ շուրջ 17 հազար հա հողատարածություններին վնաս է հասցվել, ընդորում’ 46 համայնքից 23-ում 100%-ով բերքին վնաս է հասցվել:

Տ.Սարգսյանը նշել է, որ խաղողի այգիների առումով գյուղացիները շուրջ երեք տարվա օժանդակություն են ստանալու, պտղատու այգիների մասով’ 1-2 տարվա, իսկ բանջարանաբոստանային կուլտուրաները, ըստ վարչապետի, կարող են ավելի արագ վերականգնել:

«Հասկանալի է, որ մեր գյուղացիական տնտեսությունները ունենալու են ֆինանսական խնդիրներ իրենց պարտավորությունները կատարելու առումով’ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների , հարկային պարտավորությունների և ջրի վճարումների»,- ասել է Տ.Սարգսյանը:

Նրա խոսքերով’ ծրագրով 22 համայնքերում, որոնցում կարկուտի հետևանքով 100%-ով վնաս է հասցվել, նախատեսվում է ամբողջությամբ հատուցել հողի գույքահարկի վճարումները, իսկ մնացած համայնքերում, որտեղ կորուստը կազմում է 30-50%, համայնքների ղեկավարների հետ պայմանավորվել են, որ ներկայացնեն ցուցակներ, և եթե այդ համայնքներում կորուստները 100 տոկոս են , ապա նրանց գույքահարկն էլ ամբողջությամբ կհատուցեն, իսկ 50%-ի դեպքում’ կեսը: Ըստ վարչապետի’ այս ամենի համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ:

Տ.Սարգսյանը նշեց, որ գյուղացիները կազատվեն նաև ջրի վճարից: «Այստեղ ևս նույն սկզբունքն է. 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունները մեր կողմից հարյուր տոկոսանոց աջակցություն կստանան»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարկակարկտային կայաններին, ապա Տ.Սարգսյանը նշել է, որ կհատկացնեն 350 մլն դրամ’ մարզում 50 նոր կայաններ ներդնելու համար, որը կլինի երկրորդ պաշտպանողական շերտը: Նրա խոսքերով’ բոլոր հակակարկտային կայանները, այդ թվում’ նրանք, որոնք համայնքային սեփականություն են, կփոխանցվեն ԱԻՆ-ի կողմից կառավարվող միասնական ցանցին:

«Հարկակարկտային կայանները իհարկե 100%-ով չեն երաշխավորում ռիսկերը, բայց 60%-ով արդյունավետ են: Եթե մենք գյուղացիներին օգնում ենք, որպեսզի նրանք ոտքի կանգնեն, ապա անհրաժեշտ է, որպեսզի նրանք վստահ լինեն, որ ապագայում պաշտպանված կլինեն կարկտահարությունից»,- ասել է վարչապետը:

Հաջորդ հարցին, որը վերաբերում էր վարկային պարտավորություններին: Տ.Սարգսյանը պատասխանել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տոկոսադրույքներն ու դոլարային վարկերը դառնալու են դրամային վարկեր, տոկոսադրույքների հետ կապված ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվելու, որպեսզի մեխանիզմներ մշակվեն դրանց նվազեցման և մարման հետաձգման կարգի վերաբերյալ: «Բոլոր տնտեսությունների հետ լինելու է անհատական մոտեցում»,- ասել է նա:

Տ.Սարգսյանը նաև հայտնել է, որ Արմավիրի մարզից ընտրված պատգամավորների նախաձեռնությամբ կբացվի հիմնադրամ և մասնավոր անձինք գումարներ կփոխանցեն, որպեսզի առավել անապահով տնտեսություններին նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեն: Կառավարության անդամները ևս իրենց մասնակցությունը կունենան հիմնադրամի հավաքագրումներին:

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց վիճակը աղետալի կարկուտից հետո վատացել է, ապա նրանց ֆինանսական օժանդակություն կցուցաբերվի: «Այն ընտանիքները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, պետք է ստանան սոցիալական օժանդակություն»,- ասել է Տ.Սարգսյանը:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում