Կառավարության ծրագրին դեմ քվեարկեց ԲՀԿ-ն

Այսօր Ազգային ժողովում 76 կողմ և 41 դեմ ձայների հարաբերակցությամբ կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագիրն ընդունվեց:

Ծրագրին դեմ են քվեարկել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ծրագրին կողմ էին կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, «Ես խոսել եմ վարչապետի հետ իմ ընտրատարածքի խնդիրների մասին և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դրանք լուծումներ կստանան և այդ պատճառով էլ ես կողմ եմ քվեարկում կառավարության ծրագրին», -մինչև քվեարկությունը հայտարարեց Մարուքյանը:

Hetq.am-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը քննադատեց կառավարության ծրագիրը: Նա ԱԺ ամբիոնից համեմատություն անցկացրեց նախորդ ծրագրի հետ’ նշելով, որ դրանք երբեմն կրկնվում են, իսկ նախորդ ծրագրում ներառված այդ դրույթները կյանքի չեն կոչվել:

Ստեփան Մարգարյանն, անդրադառնալով գյուղատնտեսությանը, նշեց, որ գյուղացին համայնքում մնալու համար այլ եկամուտի խնդիր ունի, քանի որ հող մշակելով չի կարողանում անհրաժեշտ եկամուտներ ապահովել:

Նա ասաց, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարությունը ցույց տվեց, թե որքան անպատրաստ է կառավարությունը նման աղետների դեպքում, այնինչ պետք է լիներ պատրաստի ծրագիր, եւ թվերը ճշգրտելուց հետո պետք է կիրառել համապատասխան գործիքակազմը:

«ԲՀԿ-ն չի կարող կիսել այս քաղաքական ծրագրի պատասխանատվությունը եւ դեմ է քվեարկում այս ծրագրին»,-ասաց Ստեփան Մարգարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում