ՀՀ վաստակավոր երգիչներն ու Եվրատեսիլը

Եվրատեսիլ երգի մրցույթը դարձել է մի շարք երկրների համար կարևորագույն երևույթ:
Որոշ երկրներ սկսում են խախտումներ անել առաջատար դառնալու համար, իսկ որոշ երկրներ էլ՝ ուղղակի մասնակցություն են ցուցաբերում:

Ինչպես հոլիվուդյան թեթև ֆիլմերն ունեն իրենց հանդիսատեսը, այնպես էլ «Եվրատեսիլ» մրցույթը ունի իր լսարանը: Դա Եվրոպայի այն մասսան է, ով բավականին հեռու է արվեստից և ապրում է շոուներով:

Բնականաբար, հաճելի է, երբ քո երկիրը դառնում է առաջատար, բայց լուրջ վերաբերվել այդ մրցույթին, այն էլ կառավարական մակարդակով, դառնում է մի քիչ ծիծաղելի ու անհեթեթ:

Tims.am-ը այսօր Եվրատեսիլ մրցույթի մասին զրուցեց ՀՀ վաստակավոր երգիչներ Արսեն Գրիգորյանի (Մրո) և Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) հետ:

Երգիչ Մկրտիչ Մկրտչյանն ասաց, որ չի հետևում այդ մրցույթին, և տեղյակ չէ, թե ինչ է կատարվել այնտեղ: «Մի հասարակություն է ստեղծվել, որ դրանով է տառապում, ես դրա հետ կապ չունեմ: Ինձ համար անհետաքրքիր թեմա է: Կարծում եմ’ այդ տարբերակով մենք Եվրոպային ասելիք չունենք»,- ավելացրեց Մակիչը:

Արսեն Գրիգորյանն էլ նշեց, որ մասամբ է հետևել Եվրատեսիլին:
«Մասնակից երկրներն իրար հանդեպ ինչ- որ բաներ են ցույց տալիս: Դաշնակիցները իրենց ձայները տալիս են դաշնակիցներին, հարևան երկրները՝ հարևաններին», ընդգծեց նա:

Իսկ Դորիանսի երգի մասին երգիչը նշեց. «Ավելի մատչելի երգ է հարկավոր Եվրատեսիլի համար»:

Այսպիսով կարող ենք ասել, որ Եվրատեսիլը դարձել է թեթև քաղաքական դաշտ, որտեղ խաղում են ո՛չ քաղաքագետները, ո՛չ էլ մեծ արվեստագետները, այնտեղ շոու և բիզնես է, կամ էլ’ սուտ բարեկամական համագործակցություն:

Արուսյակ Սիմոնյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում