Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից առողջ քննադատություն հնչեց.Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի շուրջ և իշխանության, և ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից առողջ քննադատություն հնչեց, կարծում է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա նկատեց, որ այս օրերին իշխանության և ընդդիմության միջև առողջ քննարկումը ևս ստացվեց. «Իշխանությունն ընդունեց իր սխալները, որոշ դեպքերում ընդդիմադիր գործիչներ եղան, ովքեր համագործակցության կոչին նորմալ արձագանքեցին, վարչապետն առանձնազրույց ունեցավ պատգամավորների մի մասի հետ, ազատ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկեց կառավարոթյան ծրագրին և համագործակցության առաջին ծիծեռնակը դրեց»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ համգործակցությունը չի ենթադրում, որ կառավարությունն ինչ ասի ընդդիմությունը պետք է ծափահարի: Նա ընդգծեց, որ համագործակցությունն այն է, որ մարդիկ ունենան կամք, մեկը մյուսին լսելու. «Եթե դիմացինդ առաջարկ է ներկայացնում, և եթե այն գաղափարական առումով ընդունելի է, դու իրականացնում ես այն, ոչ թե ասես, որ եթե ընդդիմությունն է ասել, ուրեմն սխալ է»:

Հարցին, վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ մտքի հեղափոխություն է անհրաժեշտ, ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես կողմնակից եմ դրան: Մեծն էնշտեյն էլ դեռ մոտ հարյուր տարի առաջ ասել է՝ մեզ պետք է նոր մտածողություն, որպեսզի մենք լուծենք այն խնդիրները, որոնք հին մտածողության արդյունք են: Հիմա եթե կան բաներ, որ խանգարում են մեր աշխատաոճին և արդյունավետ չեն, մենք պետք է նորովի մոտենանք, նորամուծություններն էլ, իհարկե, անիմաստ չպետք է լինեն»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իրենց թիմի ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական պատվեր է տվել, սահմանել է նշաձողը, Հայաստանի ապագայի տեսլականը, իսկ իրենք բոլորը պետք է հասնեն դրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում