Հայաստանի դեսպանն Իտալիայում հավատարմագրերը հանձնել է երկրի նախագահին

Մայիսի 22-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետեւեց նախագահ Նապոլիտանոյի եւ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով դեսպան Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Նապոլիտանոն իր գոհունակությունն արտահայտեց երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:

Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Նապոլիտանոյին ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Կողմերը համոզմունք հայտնեցին առ այն, որ առկա են բոլոր նախադրյալները’ երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ բազմադարյա պատմության նոր էջ բացելու համար:

Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաեւ բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական եւ մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում