Է. Նալբանդյան. «Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը»
Նմանատիպ
Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց.
«Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի տասնյակ ժողովուրդների’ խորհրդանշելով նրանց խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը և վճռականությունը:
Երկու դաժան աշխարհամարտերից հետո, անիրական երազանք թվացող խաղաղ և միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների և առաջնորդների ավանդը, նրանց հավատն ու համարձակ տեսլականը:
Ինչպես Հայաստանի Նախագահն է նշել. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով և իղձերով»:
Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս առումով Արևելյան գործընկերությունը լավ հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Եվրոպայի ամենահին կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախագահությունը, որի առաջնահերթություններն ուղղված են եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Հայաստանը պատվով է ստանձնել այդ կարևոր առաքելությունը և վճռական է նպաստելու այն արժեքների ամրապնդմանը, որոնք կազմում են եվրոպական քաղաքակրթության և եվրոպական միասնության հիմքը:
Վերստին շնորհավորում եմ Եվրոպայի օրվա տոնի կապակցությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում