Արմեն Աշոտյանը շնորհավորել է շրջանավարտներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը է հղել Վերջին դասի կապակցությամբ:

«Սիրելի´ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:

Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ:

Աշխատեք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ և միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացՍ ? լինելու ձեր կոչումը: Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով և դարձեք մեր հինավուրց երկրին ու հայ ժողովրդին արժանի հետնորդներ:

Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին: Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը և իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգևեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում