Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի Ձեզ հավատքով եւ իմաստութեամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
շնորհավորական ուղերձը` շրջանավարտների օրհնության  օրվա կապակցությամբ: 

«Լուսոյ խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում եւ Մեր օրհնութիւնն ենք բերում ուսումնական հաստատութիւնների շրջանաւարտներին «Վերջին զանգի» տօնական առիթով:

Սիրելի շրջանաւարտներ,

Աւարտելով ուսումնառութեան շրջանը’ դուք այսօր Տիրոջ կամքով կեանքի մի նոր հանգրուանի էք հասել: Ձեր առջեւ բացւում են լայն ճանապարհներ, որոնցով դուք’ երիտասարդներդ պիտի ընթանաք դէպի իրագործումը նուիրական Ձեր իղձերի ու երազանքների: Նոր յաջողութիւնների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջեւ յառնելու են նաեւ նոր խնդիրներ, գուցէ եւ’ դժուարութիւններ: Ահա թէ ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատուիրում է Տիրոջ խօսքով առաջնորդուել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ Քո խօսքերը պահելով» (Սաղմոս 118:9):

Մեր աղօթքն է, որ Ամենակարող Տէրը զօրացնի Ձեզ հաւատքով եւ իմաստութեամբ շնորհազարդի’ գտնելու կեանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիւ զաւակներն ու արժանաւոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի եւ լուսաւոր ապագայ, արդար ու քաջարի գործեր:

Հայրապետական մեր սէրն ու գնահատանքն ենք բերում նաեւ կրթութեան ոլորտի երախտաւոր մշակներին եւ ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զաւակներին կրթելու եւ բարձր արժանիքներով դաստիարակելու համար:
Տիրոջ շնորհները, սէրը եւ աստուածային սրբարար զօրութիւնը թող լինեն ամէնքիդ հետ այսօր եւ միշտ. ամէն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում