Այսուհետ մարզաբնակ հղիները անվճար ծննդօգնություն կկարողանան ստանալ միայն իրենց բնակության վայրում
Նմանատիպ
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով այս տարվա մայիսի 1-ից մեր երկրում մեկնարկել է ծննդօգնության և երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացման գործընթացը: Սա նշանակում է, որ այսուհետ մարզաբնակ հղիները անվճար ծննդօգնություն կկարողանան ստանալ միայն իրենց բնակության վայրում, իսկ Երևանում ծննդաբերելու համար’ արդեն ստիպված կլինեն վճարել:
Այս թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը բացատրեց նման որոշում կայացնելու պատճառները.
Ինչպես փոխանցում է Aysor.am-ը’ Գայանե Ավագյանը նշել է, որ այս քայլով իրենք ուզում են բարելավել բուժօգնության մակարդակը մարզերում, ինչպես նաև տեղային առումով այն դարձնեն առավել մատչելի: Նրա խոսքով’ այսօր ծննդօգնություն մատուցող հիվանդանոցներն աշխատում են բնակության վայրի սկզբունքով, այսինքն’ կարևոր չէ, թե ինչ գրանցում ունի կինը, կարևոր է’ որտեղ է նա բնակվում այդ պահին.
«Ուստի ասենք Գորիսի գրանցում ունեցող կանայք, փաստացի բնակվելով Երևանում, անվճար ծննդօգնությունը կստանան հենց մայրաքաղաքում: Բացի այդ անվճար կլինի նաև այն կանանց ծննդօգնությունը, ովքեր կունենան հատուկ հետազոտումների կամ հատուկ խնամքի կարիք ու հենց այդ նպատակով կգան Երևան»,- ասել է նա:
Գայանե Ավագյանի խոսքով’ մյուս կանայք, ում հղիությունը կընթանա բնականոն ու առանց բարդացումների, անվճար ծննդօգնությունից կօգտվեն իրենց մարզերում.
«Տեսեք, եթե դուք ապրում եք մարզում և ձեր բնակության վայրով հաշվառվել եք տեղի հիվանդանոցում, տեղի բժիշկներն արդեն 9 ամիս հետևել են ձեզ, հետևաբար, առանց որևէ խնդրի ձեզ համապատասխան ծննդօգնությունը ցույց կտան»,- ասել է Գ. Ավագյանը:
Քննարկմանը ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, սակայն, այս որոշման մեջ վտանգավոր միտումներ է նկատել.
«Բազմաթիվ աստղերի մոտ մենք տեսնում ենք այդ փորձը: Նրանք, երբ հղիանում են, միանգամից 9 ամսով բնակության են տեղափոխվում Միացյալ Նահանգներ կամ, ասենք, Մեծ Բրիտանիա, որպեսզի այնտեղ հաշվառվեն: Վախենամ, որ այսուհետ այդ փորձը մեզ մոտ տեղափոխվի ու մարզաբնակ հղիներն ուղղակի հավաքվեն ու 9 ամսով բնակության գան Երևան’ ծանոթ-բարեկամների տուն: Սրանից ակնհայտ է, որ մարզային ծննդօգնության որակը չի լավանա»:
Թևան Պողոսյանն ավելացրել է նաև, որ նման որոշումներից առաջ պետք է այնպես անել, որ մարզային հիվանդանոցներն իրենց ծննդօգնությամբ լինեն երևանյաններին մրցակից:
«Պարզ է, որ եթե մարզերում ծննդօգնությունը որակյալ լինի, ոչ մի ընտանիք չի ցանկանա տեղից տեղ գնալ ու իր գլխին «օյին բերել»»,- նշել է Թևան Պողոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում