Ռազմիկ Դավոյան
Նմանատիպ
Մեր խոհերին, մտքին տիրակալ է մի ձեռք,
Եվ մեկն իր անդունդն է քաշքշում մեզ համառ,-
Ժամանակի մասին հորինում ենք մի երգ՝
Մի տրտմություն, մի ցավ փարատելու համար:
Մենք լսում ենք նրա դոփյունն անբռնելի,
Եվ օրերի վազքը՝ սրարշավ ու հաղթող,
Եվ մանկորեն, անզոր դողդողում ենք էլի
Անփույթ ժամանակի ձեռքերի մեջ անդող:
Նրա անծայրածիր, անհուն փափկության մեջ
Տեղավորում ենք մեր վայրկյանները կոպիտ,
Նրանք հողմերի հետ թռչում կայծկլտալով
Եվ մարում են անդարձ տխրության մեջ կոկիկ:
Փափո՛ւկ երազներով, փափո՛ւկ երազներով
Հարմարվելով, արդեն կորուստների ցավին,
Կորցրածի ետքից երբեք չհասնելով,
Գորշությամբ ենք փոխում կարոտների ծավին:
Ի՜նչ երգերի կրակ,
Ի՜նչ բույրերի կարոտ,
Օ՛, ի՜նչ տենչանքների կայծկլտոցներ հանգան,
Եվ ի՜նչ Սիրո Որբեր պիտի ծնվեն էգուց,
Որ մեր կորուստներն ու կարոտները ցանկան:
Նրանք պիտի անցնեն,
Նրանք պիտի գնան,
Շփոթվածի քայլքով,
Մոլորվածի նման:
Եվ Հավատի փոշին,
Ճերմակ եղյամ որպես,
Պիտի պատի նրանց,
Հորիզոնը և քեզ: