Խաբված բնակիչների կարծիքով, «Տոնուս»-ի Աշոտը ստում է՝ ասելով, որ սնանկացել է

«Տոնուսի»-ի Աշոտից խաբված բնակիչները չեն հավատում, որ նա սնանկ է ճանաչվել: Երեկ այս մասին «Ժամանակին» տեղեկացրել են «Տոնուս» ընկերության հետ պայմանագիր կնքած՝ Դավիթաշեն երկրորդ թաղամասում նորակառույց շենքի խաբված բնակարանատերեր Զոյա Պետրոսյանն ու Հասմիկ Երիցյանը:

Հասմիկ Երիցյանը նշել է, որ իրենք գումար են վճարել ընկերությանը, կնքել են պայմանագիր և ամենաուշը մինչև 2010 թվականը պետք է ստանային իրենց հասանելիք բնակարանները, սակայն Աշոտ Տոնոյանը հայտարարել է, թե ինքը սնանկ է ճանաչվել, ապրում է վարձով բնակարանում՝ «տնով-տեղով քաշված է և չի կարող ոչինչ անել»: Տիկին Երիցյանը վերջին անգամ գումար է վճարել երեք ամիս առաջ՝ նորից հավատալով, որ վերջապես այդ բնակարանը կհատկացնեն: Այդ ժամանակ Ա. Տոնոյանը վստահեցրել է, սակայն փաստորեն նորից խաբել է. «Ես չեմ հավատում, բոլորովին չեմ հավատում, որ նա սնանկ է ճանաչվել: Մեզ այսքան տարի խաբում է. երեք ամիս առաջ նորից վստահեցնում էր, որ կտան բնակարանները, ու հանկարծ հիմա ասում է, որ սնանկ է: Մեր հարևաններից մեկն այդ նորակառույց շենքում բանվոր էր աշխատում, մեկ էլ հանկարծ իմացա, որ չի աշխատում այլևս՝ դա դեռ շատ ամիսներ առաջ էր. երբ նրանից հետաքրքրվեցի, թե ո՞րն է պատճառը, ասաց՝ փող չի տալիս: Փաստորեն այդ մարդը բոլորին է գցում»,- վրդովված ասել է Հասմիկ Երիցյանը, ով իր վերջին գումարն է տվել այդ բնակարանի համար, որպեսզի իր որդին տուն ունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում